Թանգարանում Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումն ավարտվեց ամուսնության առաջարկով

Հունվարի 30-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում՝ Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումից հետո, տղաներից մեկն իր սիրելիին ամուսնության առաջարկ է արել։
Տեսանյութը հրապարակվել է թանգարանի Facebook–յան էջում։
«Այսօր Թանգարանում սերն էր տիրում. Սուրբ Սարգիս տոնին նվիրված`վերադարձ ինքնությանը միջոցառման ուղիղ հեռարձակումն ավարտվեց ամուսնության անակնկալ առաջարկությամբ: Սամվել Խաչատրյանը և Անի Սիմոնյանը շուտով ընտանիք կկազմեն: Մի բարձի ծերանաք ու յոթ որդով սեղան նստեք»,– տեսանյութին կից գրված է թանգարանի էջում: Տեսանյութն այժմ ակտիվ տարածվում է սոցցանցերում։ Բոլորը զույգին երջանկություն են մաղթում։

Հավելենք, որ Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Այս տարի այն կնշվի հունվարի 30-ին: