Պատերազմի ընթացքում մահացել է Հայաստանի լավագույն լուսային օպերատորներից մեկը

Հայաստանի երգի պետական թատրոնն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որում ասվում է. «Խորը վշտով հայտնում ենք, որ Արցախի ինքնապաշտպանական մարտերին իր կյանքը տվեց նաև Հայաստանի լավագույն լուսային օպերատորներից մեկը, Հայաստանի երգի պետական թատրոնի լուսային օպերատոր Էդգար Համլետի Իրադյանը:
Էդգարը 35 տարեկան էր, պատերազմի առաջին օրերին կամավորագրվեց և կռվեց ամենաթեժ կետերում՝ Ջրականից (Ջաբրաիլ) մինչ Հադրութ: Վերջին անգամ հարազատների հետ կապի դուրս եկավ հոկտեմբերի 13-ին, որից հետո ավելի քան 100 օր սպասում էինք հրաշքի, ավաղ…
Թատրոնի ողջ անձնկազմն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում մեր հերոսի ընտանիքին, հարազատներին և 3 հրաշք զավակներին։ Հավերժ փառք և խոնարհում»: