Սկանդինավիայի ամենախոշոր կինոփառատոնը մի հանդիսատես կունենա. նա առանձին կղզում կդիտի ֆիլմերը

Սկանդինավիայի ամենախոշոր՝ Գյոտեբորգի կինոփառատոնի կազմակերպիչներն ընտրել են առանձին կղզում ֆիլմերը դիտելու համար միակ հանդիասատեսին՝ շվեդ բուժքույր Լիզա Էնրոթին, հայտնում է The Guardian-ը։ Պարբերականի հաղորդմամբ՝ Էնրոթն ընտրվել է 12 հազար հավակնորդներից։
Նա կղզում մեկ շաբաթ կանցկացնի։ «Թվում է՝ առողջապահության ոլորտում մի ամբողջ հավերժություն լսել եմ, ստուգել ու սփոփել։ Ես զգում եմ, որ գրեթե զրկված եմ էներգիայից։
Քամի, ծով, մեկ շաբաթ բոլորովին այլ իրականություն հայտնվելու հնարավորություն. այս ամենն, իսկապես, գրավիչ է»,- նշել է հաղթողը։
Ավելի վաղ կազմակերպիչները հայտնել են փարոսում գտնվելու պայմանները. կամավորը պետք է միայնակ փառատոնի ծրագրից 60 ֆիլմ դիտի։
Նրա համար հարմարավետ պայմաններ կստեղծվեն` կերակուր, ըմպելիք և հարմարավետ մահճակալ։ Արգելված կլինեն նոութբուքեր, սմարթֆոններ և գրքեր։