«Ծաղիկներ ձյան տակ». հեռուստասերիալ՝ գերությունից վերադարձած հերոսի մասին

Արմենիա TV-ի եթերում փետրվարի 15-ին կհեռարձակվի «Ծաղիկներ ձյան տակ» նոր բազմասերիանոց հեռուստասերիալը։ Պատմությունը 90-ականների պատերազմում գերի ընկած հերոսի վերադարձի մասին է։

Դերասանական կազմում են` Արմեն Մարությանը, Ալլա Վարդանյանը, Կարեն Մկրտչյանը, Անդրանիկ Խաչատրյանը, Նորայր Եղյանը, Մերի Երեմյանը և այլք:

Showbiz.am կայքի հետ զրույցում Ելենա Արշակյանը պատմում է, թե ինչպես առաջացավ նախագծի մտահղացումը, որքան ծանր էին նկարահանումներն ու ինչպես է ինքը կարողացել հաղթահարել պատերազմական դժվար շրջանը:

«Մտահղացումն ունեինք դեռ տարիներ առաջ, բայց ինչ-ինչ պատճառներով չէինք կարողանում իրագործել այն, ու հիմա հասկացանք, որ այս նախագծի ճիշտ ժամանակն է, շատ արդիական է խոսել այս թեմայի մասին: Որոշակի փոփոխություններ արեցինք սցենարում և անցանք գործի»,- ասում է նախագծի ռեժիսոր Ելենա Արշակյանը:

Ռեժիսորը պատմում է, որ նկարահանումները հետպատերազմյան շրջանում են տեղի ունեցել:
«Բավականին բարդ էր և հոգեպես, և ֆիզիկապես աշխատել նախագծի վրա:
Նախագիծը պատերազմի մասին չէ, այլ փրկության, հույսի, հավատի մասին է: Կարծում եմ, որ իսկապես, հույսը վերջում է մահանում:
Նկարահանումներն անցել են շատ ծանր, բայց մենք էլ այս դաշտում ենք կռվում: Օրինակ՝ պատերազմի ամենաթեժ օրերին մենք չգիտեինք՝ ինչով օգնել մեր ընկերներին, այդ ժամանակ ես ու Անահիտը որոշեցինք նկարահանել «Հերոսական նովելներ նախագիծ»-ը, իհարկե շատ դժվար է եղել»:

 

Ելենա Արշակյանը նաև նշում է, թե ինչին են առանձնահատուկ ուշադրություն դարձրել նախագծում:

«Այս ֆիլմում գործողությունները սկսվում են 1994 թվականին, որտեղ մեր հերոսը մեկնում է ընկերների հետ պատերազմ: Ընկերները մահանում են, վիրավորվում են, իսկ ինքը գերեվարվում է: Հետո արդեն ինքը հայտնվում է մերօրյա Հայաստանում, և կանգնում է մի շարք դժվարությունների առջև:
Երկրորդ պատերազմի թեման չի շոշափվում, որովհետև այն այնքան նուրբ թեմա է, որ բարդ է դրան անդրադառնալը: Բայց ֆիլմում խոսվելու են այնպիսի խնդիրների մասին, որոնք երկրորդ պատերազմից հետո են առաջացել:

Նախագծում անդրադառնում ենք սոցկայքերում գերությունից վերադարձած մարդու նկատմամբ վերաբերմունքին: Երբ տեսնում եմ, թե գերությունից վերադարձած տղաների մասին ինչ խոսքեր են ասվում սոցկայքերում, ցավում եմ: Անտարբերությունն ամենաուժեղ չարիքն է, ու մենք, իսկապես անտարբեր ենք դարձել, շուտ մոռանում ենք ամեն ինչ, ինչի հետևանքով էլ հայտնվում ենք նման վիճակում»:

Ելենա Արշակյանը պատմում է, որ Արցախյան 44-օրյա պատերազմը բավականին շատ է ազդել այս նախագծի վրա:

«Երկրորդ պատերազմն ազդեց մեր գաղափարների վրա: Երբ հասկացա, թե ինչպես է մեր հասարակությունը բաժանվել երկու մասի, որոշեցի անդրադառնալ միասնությանը:
Այս գաղափարն այսօր երկրորդական է շատերի համար: Մենք դարեր  շարունակ հենց միասնության շնորհիվ ենք կարողացել գոյատևել:

Շատ հարազատ մարդիկ եմ ունեցել ռազմաճակատում, գործընկերներիցս են զոհվել նաև պատերազմի ընթացքում: Եվ այդ բոլոր ապրումները փորձել եմ արտահայտել նաև նախագծում:

Ինչքան էլ մեր հեռուստասերիալներն ունեն բարձր վարկանիշ, որքան էլ որ մենք կարողանում ենք ապահովել հեռուստադիտողի ժամանցը, պետք է նաև խոսել նման կարևոր արժեքների մասին»:

 

Իր խոսքը Ելենան եզրափակում է՝ արտասվելով խոսելով պատերազմից հետո ուժեղ լինելու մասին. «Մեզ հետ նկարահանվում է նաև Կարեն Մկրտչյանը, ով իր որդուն է կորցրել այս պատերազմի ընթացքում: Երբ հարցնում են՝ արդյոք դժվար չի՞ նման թեմայով ֆիլմ նկարահանել, ես մտածում եմ՝ եթե Կարենն իր մեջ ուժ է գտել, վերադարձել է իր աշխատանքին, ապա ով եմ ես, որ ուժեղ չլինեմ»:

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան