Ամստերդամի Կարմիր լապտերների փողոցը «վտանգի տակ է»

Նիդեռլանդների մայրաքաղաքի վարչակազմը մտածում է Կարմիր լապտերների փողոցը կենտրոնից տեղափոխել ծայրամաս։ Քաղաքապետ Ֆեմքե Հալսեման կրկին առաջարկել է փակել հայտնի հաստատությունները, որոնք քաղաքի զբոսաշրջային վայր են դարձել։ Քաղխորհրդում նրան աջակցել են գրեթե բոլոր խմբակցությունները։
Միևնույն ժամանակ, կարմիր լապտերների փողոցի համար նոր տեղ դեռ ընտրված չէ, թեև ենթադրվում է, որ այն մայրաքաղաքի կենտրոնից հեռու կլինի, հայտնում է Daily Mail–ը։ 2018 թվականից Հալսեման փորձում է հասնել նրան, որ փողոցը փակվի, սակայն այդ հարցում նա համախոհներից բացի հակառակորդներ էլ ունի։ Այսպես օրինակ` լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ Դենիս Բուտկանը կարծում է, որ սեքս–ինդուստրիայի տեղափոխումը պատմական կենտրոնից ծայրամաս` թույլ կտա փոխել քաղաքում զբոսաշրջային հոսքի բնույթը. օտարերկրացիները կզմայլվեն ջրանցքներով ու ճարտարապետությամբ, այլ ոչ թե հասարակաց տան պատուհանների սիրո քրմուհիներով։ Պաշտոնյաների ու քաղաքական գործիչների մի մասը կարծում են, որ նման վճռական քայլը կխանգարի, որ զբոսաշրջային ոլորտը վերականգնվի համավարակի հասցրած վնասից հետո։

Ամստերդամի կենտրոնից սեքս–ինդուստրիան տեղափոխելուց բացի, քաղաքապետ Ֆեմքե Հալսեման փորձում է կրճատել այն հաստատությունների թիվը, որտեղ օրինական կերպով մարիխուանա են վաճառում։ Այդ հարցում ևս նա ինչպես համախոհներ, այնպես էլ ակտիվ հակառակորդներ ունի։