Անահիտ Կիրակոսյանը՝ Արմենիա TV-ի նոր հեռուստասերիալի գլխավոր դերում․ մանրամասներ

Showbiz.am կայքը հավաստի աղբյուրներից տեղեկացել էր, որ դերասանուհի, հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանը հանդես կգա Արմենիա TV-ի եթերում փետրվարի 15-ից հեռարձակվելիք «Ծաղիկներ ձյան տակ» նոր բազմասերիանոց հեռուստասերիալում։ Հեռուստասերիալի ռեժիսոր Ելենա Արշակյանը Showbiz.am կայքի հետ զրույցում հաստատեց այդ մասին տեղեկությունը՝ հավելելով, որ նախագծում Անահիտը կխաղա գլխավոր դերերից մեկը։

Պատմելով իր և Անահիտի համագործակցության մասին՝ Ելենան ասում է․ «Անահիտի հետ սա մեր համատեղ առաջին աշխատանքն է, բայց Անահիտին գիտեմ շատ վաղուց, երբ ես թատրոնում ներկայացում էի բեմադրում, ինքն էլ ուրիշ ներկայացման մեջ էր զբաղված։ Այդտեղից ես իրեն շատ հավանել եմ որպես դերասանուհի, բայց երբևիցե հնարավորություն չի եղել միասին աշխատելու։
Մի անգամ առաջարկ եմ արել, որպեսզի նկարահանվի «Մեր գյուղը» հեռուստասերիալում, որը հեռարձակվելու էր Հանրային հեռուստաընկերությամբ, բայց ինչ-ինչ պատճառներով չստացվեց մեր համագործակցությունը։
Ուրախ եմ, որ վերջապես իրար հետ համագործակցելու ենք»,-ասում է Ելենան։

Այն հարցին, թե կշարունակի «Շանթ» հեռուստաընկերությունում իր աշխատանքը Անահիտը, Ելենան պատասխանում է․ «Թույլ տվեք այդ մասին չխոսել, բայց հավանաբար, ոչ»։