«Մտածում էի ինքնասպան լինել»․ դերասանուհին ցուցադրել է քթի անհաջող վիրահատության հետևանքները

Չինական բազմաթիվ ֆիլմերում և հեռուստահաղորդումներում նկարահանված, «ծագող աստղ» համարվող դերասանուհի Գաո Լյուն ամիսներ շարունակ «տեսադաշտից անհետանալուց» հետո օրերս չինական Sina Weibo սոցցանցում իր քթի անհաջող կոսմետիկ վիրահատությունից լուսանկարներ է հրապարակել, գրում է BBC-ն։

Դերասանուհին պատմել է, որ հոկտեմբերին Գուանչժոու քաղաքի կլինիկաներից մեկում որոշել է կոսմետիկ միջամտության դիմել, քանի որ «կարիերայում առաջ գնալու համար իրեն խորհուրդ էին տվել փոքր-ինչ նեղացնել քիթը»։

«Ամբողջ վիրահատությունը տևեց չորս ժամ: Ես կարծում էի՝ չորս ժամ հետո ավելի գեղեցիկ կդառնամ»,- ասել է նա իր հետևորդներին՝ հավելելով, որ «չէր պատկերացնում, որ այդ ժամերը կդառնան իր մղձավանջային կյանքի սկիզբը»։

Նրա խոսքով՝ վիրահատությունից հետո օրերի ընթացքում քթի առաջամասը սկսել է սևանալ։

Դերասանուհին նաև խոստովանել է, որ ամիսներ շարունակ նույնիսկ մտածել է ինքնասպանություն գործելու մասին։

Նշվում է, որ վնասվածքի պատճառով հետագա վերականգնողական վիրահատությունը հնարավոր չի լինի առնվազն մեկ տարվա ընթացքում:

Դեպքի առնչությամբ ընթանում է հետաքննություն։