Ամուսինս արդեն ասում է, որ կարոտում է իր տղային․ Աննա Մանուչարյանը՝ հղիության ընթացքի, նախորդ տարվա դժվարությունների և թատրոնի մասին

Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Աննա Մանուչարյանն այս շրջանում վայելում է հղիության գեղեցիկ ընթացքը։ Դերասանուհին և իր ամուսինը շուտով որդի կունենան։ Չնայած առաջին հղիությանը՝ Աննան նշում է, որ բացարձակ վախեր կամ անհանգստություններ չունի, վստահ է, որ ամեն բան լավ ընթացք կունենա։

ShowBiz.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է հղիության ընթացքի, ամուսնու հետ ունեցած հարաբերությունների, նախորդ տարվա բարդ շրջանի, թատրոնից չբացակայելու և այլ հետաքրքիր թեմաների մասին։

Աննան այժմ հղիության վեցերորդ ամսում է գտնվում․ «Կարծում եմ՝ մայիսի վերջ փոքրիկս արդեն լույս աշխարհ կգա»։

Երեխայի սեռի մասին ապագա ծնողները վաղուց գիտեն, այնպես որ արդեն անհամբեր սպասում են փոքրիկի հետ հանդիպմանը։ «Ծննդյանս օրը (նոյեմբերին) փոքրիկ խնջույք էինք կազմակերպել, որի ժամանակ էլ հայտնեցինք երեխայի սեռը։ Ունենալու ենք որդի։ Անունի հետ կապված դեռ հստակ չենք կողմնորոշվել, ճիշտ է՝ կան մի քանի անուններ, որոնք հավանում ենք, սակայն դեռ վերջնական չենք որոշել»,- ոգևորությամբ պատմում է դերասանուհին։

Կանայք հղիության շրջանում ավելի զգայուն են դառնում, սկսում են թեկուզ չնչին բաներից հուզվել կամ նյարդայնանալ, հաճախ անհանգստություններ կամ վախեր են ունենում, սակայն Աննան, ի զարմանս բոլորի, այս ամենի միջով չի անցնում․ «Ինձ հղիության ընթացքը չափազանց հետաքրքիր է, միգուցե պատճառն այն է, որ ես չգիտեմ, թե ինձ ինչ է սպասվում կամ միգուցե ես եմ ինձ այդպես տրամադրում, բայց բացարձակ վախեր կամ անհանգստություններ չունեմ, ինչը, կարծում եմ, շատ լավ է։ Ես պանիկյոր չեմ ոչ մի առումով, այնպես որ պարզապես սպասում եմ»։

Խոսելով հղիության ընթացքում առաջացող բարդությունների մասին, որոնք հաճախ նաև անփորձության արդյունք են լինում՝ Աննան նշում է․ «2020-ին այնպես ստացվեց, որ բացի ինձնից շուրջս էլի մարդիկ եղան, ովքեր ևս բախտ ունեցան վայելել հղիության բերկրանքը, այնպես որ թե նրանք են ինձ խորհուրդներ տալիս այդ թեմայով, թե ես եմ փորձում ինչ-ինչ առումներով իրենց օգնել։ Իրենց խորհուրդները լսում եմ մեծ սիրով և անպայման կիրառում առօրյայումս»։

Աննայի ամուսինն իր իսկ խոսքերով չափազանց հոգատար անձնավորություն է, իսկ այս շրջանում բնավորության այդ գիծն էլ ավելի է խորացել․ «Այնպես չէր, որ ինքը իմ հղիության ժամանակ նոր սկսել է օգնել կամ հոգ տանել իմ մասին, ամուսինս այնպիսի մարդ է, որ միշտ ուշադրությամբ ու սիրով է ինձ շրջապատում։ Իսկ հիմա երբ մենք «երկու հոգով» ենք, նրա ուշադրությունը միմիայն ավելացել է։ Ամուսինս արդեն ասում է, որ կարոտում է իր տղային (հեղ․ ժպտում է) և ուզում է շուտ հանդիպել նրա հետ»։

Ասում են՝ հղիության ընթացքում կանայք ավելի կամակոր են դառնում՝ ունենալով տարօրինակ մտքեր ու ցանկություններ․ «Եթե անկեղծ պատասխանեմ, ի տարբերություն շատերի՝ ինձ մոտ սննդի հետ կապված ցանկությունների առումով էական փոփոխություններ չեն եղել։ Անգամ տանը բոլորն ասում են՝ Աննա ջան, հղի ես, միթե ոչ մի հետաքրքիր բան չես ուզում, որ գնանք քեզ համար բերենք)): Չգիտեմ․․․ կամ ես սովորություն չունեմ նեղություն տալու կամ էլ ուղղակի իրոք այդպիսի տարօրինակ ցանկություններ չեմ ունենում։ Ամեն ինչ ուտում եմ, չնայած ամեն ինչ չէ, որ իմ փոքրիկի սրտով է լինում»։

Նախորդ տարվա իրադարձությունները դեռ երկար տարիներ դաջված կմնան մեր հիշողության մեջ։ Կորոնավիրուս, ապա նաև պատերազմ, արդյունքում հազարավոր զոհեր․․․ «Պատերազմը շատ մեծ ազդեցություն ունեցավ ոչ միայն իմ, այլ նաև բոլորիս վրա։ Դրանից ոչ շատ ժամանակ առաջ իմացա, որ հղի եմ, պատմեցի ամուսնուս, բոլորս շատ ուրախ էինք։ Բայց հետո սկսվեց պատերազմը, և դու՝ ուզած թե չուզած, ստիպված ես լինում անցնել դրա միջով։ Այդ շրջանում երկու եղբայրներս ծառայում էին բանակում և մասնակցեցին պատերազմին։ Անընդհատ իրենց զանգերին սպասելը, մտնել նորությունները կարդալը իրոք շատ ծանր էր, բայց եկավ ժամանակ, երբ ես հասկացա, որ արդեն մենակ չեմ ու իմ փոքրիկը ոչ մի մեղք չունի նրանում, որ ես շարունակ սթրեսային վիճակի մեջ եմ գտնվում։ Այնպես որ հավաքվեցի, սկսեցի նորություններ քիչ կարդալ ու սպասել միայն իմ եղբայրների զանգին»,- անկեղծանում է դերասանուհին։

Խոսելով թատրոնի և աշխատանքային դադարի մասին՝ Աննան պատմում է․ «Թատրոնում վերջին ներկայացումները, որոնցում ես խաղացել եմ, եղել են Նոր տարվա մանկական ներկայացումները։ Չնայած արդեն մեծ փորիկով էի, բայց համապատասխան հագուստ էինք գտել, որն այն թաքցնում էր։ Բայց հիմա արդեն անհնար կլինի։ Սակայն ես շարունակում եմ թատրոն գնալ, միշտ լինում եմ թե՛ փորձերին, թե՛ ներկայացումներին, քանի որ չեմ կարողանում կտրվել թատրոնից, հետո էլ աշխատանքիս ընթացքում հասցրի շատ դերեր ունենալ և հիմա անհրաժեշտություն է առաջացել դրանցում ինձ փոխարինել, դրա համար իմ օգնության կարիքը միշտ ինչ-որ չափով զգացվում է»։

Չնայած այն փաստին, որ կորոնավիրուսը դեռ չի նահանջում, այսօր արդեն շատերը դրան այն տեղն ու կարևորությունը չեն տալիս, ինչ իրականում պահանջվում է․ «Ես միշտ եմ զգույշ եղել այդ առումով։ Մարդաշատ վայրերում պարտադիր դիմակ եմ կրել  և այլն։ Բայց ես այնպիսի մարդ եմ, որ կարծում եմ, եթե մի բանի մասին շատ մտածես, դրանից վախենաս, այն հաստատ կգա, կկպնի քեզ։ Ինչքան ավելի թեթև ու հանգիստ նայես իրավիճակին, այնքան ամեն բան ավելի լավ կլինի»։

Հեղինակ՝ Լուս Ավագյան