«Ուղեղս պայթում էր»․ Նիկ Եգիբյանն իր կյանքի ամենաբացասական ժամանակահատվածի և  նոր ծրագրերի մասին

Օրերս Նիկ Եգիբյանի սոցիալական կայքերի էջերից հայտնի դարձավ, որ երգիչը վարակվել է կորոնավիրուսով։
Showbiz.am կայքի հետ զրույցում Նիկը պատմում է, որ վիրուսը բավականին թեթև տարավ՝ ունենալով միայն գլխացավ ու տաքություն։
Նա նաև կիսվում է, թե ինչպես իր համար անցավ 2020 թվականը, որ երազանքները մնացին անկատար և ինչ ծրագրեր ունի ինքը 2021-ի համար։

Նախորդ տարի՝ մեզ հետ զրույցում, երգիչը կիսվում էր, որ երազում է գյուղում փոքրիկ տուն ունենալու մասին։ Ցավոք, Նիկն իր այդ երազանքը չկարողացավ իրականացնել։ 

«Երազանքս մնաց երազանք, որովհետև հենց ցանկացա քայլեր ձեռնարկել այդ հարցում, պատերազմը սկսվեց, և իհարկե, այդ մասին բացարձակ ի վիճակի չէի մտածել։
Հուսամ, որ մի օր կիրականացնեմ այդ երազանքս, խաղաղ, ծաղկող ու առողջ իմ Հայաստանում։

Բոլորիս երազանքն այժմ նույնն է՝ խաղաղություն
»,-կիսվում է Նիկը։

Երգիչը ցավով է հիշում պատերազմական շրջանը, քանզի այդ ժամանակահատվածում նա մտածում էր ոչ միայն ռազմաճակատում կռվող ընկերների ու եղբայրների, այլ նաև վիրահատված մոր ու կորոնավիրուսից մահացած մտերիմների մասին։

«Շատ ծանր վիճակի մեջ էի, կռվի առաջին օրերին մորս վիրահատեցին։
Ուղեղս պայթում էր կռվի մասին լուրերով, տանը կատարված իրադարձություններով, կորոնավիրուսից մահացած բ
արեկամների և մտերիմների մասին մտքերով․․․
Միանգամից բազմաշերտ նեգատիվ ժամանակահատված էր։ Հաղթահարել եմ այդ շրջանը՝ ստեղծելով իմ նոր ալբոմը։ Ինձ ինչպես միշտ փրկեց երաժշտությունը։
Առաջնագծում էին գտնվում եղբայներս, աշակերտներս, որոնցից մեկը, ցավոք, մինչ օրս անհետ կորած է։ Եղբայրս ստացավ հերոսի կոչում և փառք Աստծո, ողջ-առողջ վերադարձավ տուն։

Անիմաստ է որևէ բան ասել ապրած ցավի մասին, որովհետև սա այն կորուստն է, որը բառով չես կարող արտահայտել։ Եվ զուր է նույնիսկ փորձել կարեկցել զոհվածների ծնողներին, նրանք ամենաթանկն են կորցրել։
Միայն կարող ենք կյանքի չափ շնորհակալ լինել, որ այսօր կանք իրե
նց շնորհիվ»,- ցավով այդ ամենը վերհիշում է երգիչը։

Նիկը պատմում է այս բարդ իրավիճակից հետո իր մտքում հղացած կարևոր ծրագրի մասին․ «Մի քանի երկրների հայ համայնքներում փորձում եմ դպրոցներ հիմնել, որովհետև բոլորին հայտնի է՝ այն ժողովուրդը, որը չի կրթում իր ապագա սերունդներին, կորցնում է իր ինքնությունը և ձուլվելով այլ ազգերին՝ վերանում։ Ես փորձում եմ գոնե իմ լուման ներդնել այդ հարցում։

 

Իր երկրպագուների համար երգիչը նույնպես մի շարք նորություններ ունի․ օրերս երգիչը նրանց դատին հանձնեց «Գնա» երգը, որն իր «Беги» երգի հայերեն թարգմանությունն է։ Նիկը նաև հայտնում է, որ շուտով կունենա նոր ալբոմ․

«Շատ բազմաժանր է լինելու․ սկսած արդեն շատերին ծանոթ բալլադային, երազկոտ երգերից՝ մինչև հաուս, պարային ու նաև ժողովրդական երգեր՝ նոր մոտեցմամբ։ Շուտով կնկարահանեմ տեսահոլովակ «Կհիշես» և «Ունեմ-չունեմ» երգերի հիման վրա։

Դժվար տարուց հետո արվեստի շատ գործիչներ լքում են Հայաստանը, սակայն Նիկը նշում է, որ կմնա իր երկրում, քանի տեսնում է աճելու և զարգանալու շանսեր։

Չեմ ցանկանում հեռանալ, բայց չեմ էլ մեղադրում հեռացողներին։
Ցավոք, իմ բնագավառում վերջին տարին գրեթե անհնար է եղել գումար վաստակելը՝ սկզբից կորոնավիրուսի պատճառով, հետո պատերազմի և մնացած սոցիալական խնդիրների։
Չեմ կարծում, որ որևէ մեկը նորմալ կյանքը կթողներ ու ամբողջ ընտանիքով կհեռանար երկրից, եթե հնարավորություն ունենար աշխատելու։

Շատ քիչ տոկոսը կցանկանար հեռանալ իր հայրենիքից և բնակվել անծանոթ աշխարհում, իրեն խորթ մարդկանցով շրջապատված։ Ցավոք, շատ ընկերներ տեղափոխվեցին։ Ես քանի դեռ կարող եմ մնալ իմ երկրում և քանի դեռ շանս եմ տեսնում աճելու, կմնամ»։