Ինչպես է նկարահանվել «Ֆորսաժի» նոր մասի ամենաբարդ տեսարանը (տեսանյութ)

«Ֆորսաժ» ֆիլմաշարի 9-րդ մասի ռեժիսոր Ջասթին Լինը կարճ տեսահոլովակ է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչպես է նկարահանվել ապագա բլոկբաստերի ամենաբարդ տեսարաններից մեկը:

Ինչպես հայտնում է Motor.ru-ն, Toyota GT86-ի մասնակցությամբ տեսարանը նկարահանելու համար 8 ամիս է պահանջվել, թեև այն ընդամենը 4 վայրկյան է տևում:

Հրապարակված հոլովակում Վին Դիզելի հերոսը կարմիր Toyota GT86-ով ընթանում է փողոցով: Ինչ-որ պահի Դոմինիկ Տորետոյի սպորտքարը կտրուկ կողքի է շրջվում և այդ դիրքով առաջ ընթանալով անցնում է խանութի միջով՝ կոտրելով ցուցափեղկի ապակին և արդյունքում հայտնվում խանութի կողքով անցնող բեռնատարի թափքում:

Որպեսզի Toyota-ն անցնի խանութի միջով, ինժեներները սպորտքարը տեղադրել են հատուկ հարթակի վրա, որն, իր հերթին, շարժվել է ռելսերի վրա: Հնարքի հիմնական բարդությունն այն էր, որ մասնագետներին պետք է GT86-ի «թռիչքը» համադրեին բեռնատարի ընթացքի հետ, որպեսզի մեքենան բախվեր թափքի անհրաժեշտ հատվածին:

Ռեժիսորի խոսքով՝ տեսարանի նախապատրաստական աշխատանքները մոտ 8 ամիս են տևել: Նկարահանման աշխատանքներին ներգրավվել է 100 մարդ: Նարահանումը տևել է 4 օր, որի ընթացքում ստիպված են եղել 3 ավտոմեքենա ոչնչացնել:

Հայտնի ֆիլմաշարի իններորդ մասի պրեմիերան նախատեսված է այս տարվա ապրիլին: