Բրիթնի Սփիրսի 27-ամյա զուգընկերը խոսել է երգչուհու հետ համատեղ ապագայի մասին (լուսանկարներ)

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի մասին Framing Britney Spears նոր վավերագրական ֆիլմի թողարկումից օրեր անց նրա 27-ամյա զուգընկերը՝ Սեմ Ասգարին զրուցել է People ամսագրի հետ։

Նա չի մեկնաբանել ֆիլմը, փոխարենը՝ կիսվել է ապագայի մասին պլաններով։

«Իմ երկրորդ կեսի համար միշտ ցանկացել եմ միայն լավագույնը և շարունակելու եմ աջակցել նրան, որպեսզի նա իրագործի իր երազանքներն ու ստեղծի այն ապագան, որին արժանի է։ Ես շնորհակալ եմ այն սիրո և աջակցության համար, որ Բրիթնին ստանում է ամբողջ աշխարհի երկրպագուներից: Ես նաև անհամբերությամբ եմ սպասում մեր սովորական և միևնույն ժամանակ հիանալի համատեղ ապագային»,- նշել է Ասգարին, որը Սփիրսի հետ հանդիպում է արդեն ավելի քան չորս տարի։

Հիշեցնենք, որ ամերիկյան The New York Times պարբերականի՝ Բրիթնի Սփիրսին նվիրված վավերագրական ֆիլմը թողարկվել է օրեր առաջ։

Դրանում լրագրողները պատմել են երգչուհու կարիերայի, փառքի ազդեցության, թմրանյութերից կախվածության և անձնական կյանքի, ինչպես նաև հոր վերահսկողության մասին, որը նրա խնամակալն է 2008 թվականից ի վեր:

Ֆիլմը լայն արձագանք է ստացել համացանցում, սակայն երգչուհին դեռևս չի մեկնաբանել այն։