Ամերիկյան The Walt Disney ընկերությունը հայտարարել է Blue Sky Studios անիմացիոն ստուդիան առաջիկայում փակելու մասին, որը ստեղծել է մի շարք աշխարհահռչակ մուլտֆիլմեր, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը։
«Հաշվի առնելով ընթացիկ տնտեսական իրավիճակը՝ երկար մտորումներից և գնահատականներից հետո մենք ծանր որոշում ենք կայացրել դադարեցնել Blue Sky Studios-ում կինոարտադրությունը», – ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ ստուդիան առաջիկա երկու ամսում կդադարեցնի աշխատանքը․ աշխատանքից կզրկվի մոտ 450 մարդ։
Blue Sky Studios ստուդիան հիմնադրվել է 1987 թվականին և իր գոյության ընթացքում թողարկել է ավելի քան 10 լիամետրաժ անիմացիոն ֆիլմեր։ Նրա ամենահայտնի նախագծերն են դարձել «Սառցե դարաշրջան», «Ռիո» և «Ֆերդինանդ» մուլտֆիլմերը։
Ստուդիայի վերջին մուլտֆիլմը՝ «Ծպտված լրտեսներ»-ը, թողարկվել է 2019-ին։
Disney ընկերությունը, ինչպես և շատ այլ ժամանցային ընկերություններ, մեծապես տուժել է կորոնավիրուսի համավարակի ժամանակ: COVID-19-ի պատճառով Disney-ի թեմատիկ այգիները կա՛մ փակվել են, կա՛մ դրանցում սահմանափակվել է հաճախելիությունը: Բացի այդ, հետաձգվել է գեղարվեստական ֆիլմերի թողարկումը։