«Ես թալանել եմ Քիմ Քարդաշյանին» գրքի տպագրությունը Ֆրանսիայում արգելվել է․ մանրամասներ

Ֆրանսիայում իրավաբանները հասել են նրան, որ արգելվի «Ես թալանել եմ Քիմ Քարդաշյանին» գրքի տպագրությունը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հիշեցնելով, որ գրքի հեղինակը Յունիս Աբբասն է, որը ձերբակալվել է ամերիկյան ռեալիթի-շոուի աստղին փարիզյան հյուրանոցում կողոպտելու համար:
67-ամյա Աբբասն իր գրքում (Ֆրանսիայում հրատարակվել է փետրվարի սկզբին) ներկայացնում է 2016 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած հայտնի հարձակման մանրամասները։
Փաստաբաններ Անրի դը Բորգարն ու Մոհանդ Ուիջը ներկայացնում են հյուրանոցի գիշերային աշխատակցի շահերը, որին հանցագործները «չեզոքացրել» են Քարդաշյանի սենյակ ներխուժելու համար:
Նրանք հայտարարություն են տարածել` նշելով. «Մեր հաճախորդը համարում է, որ սա անպարկեշտ գովազդային արշավ է, իսկ այդ երեկո իր վրա հարձակված մարդիկ ոչ թե խաղաղ «ծերունի ավազակներ» են, այլ զինված և վճռական չարագործներ»։
Փաստաբանները հիշեցրել են, որ երիտասարդը հյուրանոցում է աշխատել Սորբոնի ուսման վարձի համար։ Նրանք նշել են` իրավունքների կալանքը նշանակում է, որ Աբբասը չի կարողանա գումար ստանալ գրքի վաճառքից, քանի դեռ այն որպես բարոյական վնասի փոխհատուցում չի փոխանցվել իրենց հաճախորդին:

Հիշեցնենք` Քարդաշյանին կողոպտել էին 2016 թվականի հոկտեմբերի 3-ի գիշերը Փարիզում գտնվող մասնավոր հյուրանոցներից մեկում: Հանցագործները մոտ 5 մլն եվրո արժողությամբ թանկարժեք զարդատուփ ու 4 մլն եվրո արժողությամբ մատանի էին գողացել: Հարձակմանը մասնակցել էին ոստիկանական համազգեստով 5 դիմակավորված անձինք` 60-ից 72 տարեկան։ Նրանք կապկպել էին իրենց զոհին և փակել լոգարանում։ Հարձակման անմիջական մասնակիցներն ու հանցակիցները ձերբակալվել են 2017 թվականի հունվարի 9-ին։