Էլթոն Ջոնն ու Մայքլ Քեյնը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ․ լուսանկարներ

Բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնն ու դերասան Մայքլ Քեյնը հայտնվել են Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայության գովազդում, որով հասարակությանը կոչ են անում պատվաստվել կորոնավիրուսի դեմ, հայտնում է Daily Mail-ը:

«Լոնդոնի «Չելսիի և Ուեսթմինսթերի հիվանդանոցում» նկարահանված տեսահոլովակը նպատակ ունի ցույց տալու ուրիշներին, որ պատվաստանյութն անվտանգ է», – ասվում է հայտարարության մեջ:

Տեսահոլովակում 73-ամյա Էլթոն Ջոնն ասում է. «Որքան շատ մարդիկ են պատվաստվում, այնքան մեծ է համավարակն արմատախիլ անելու հավանականությունը: Իսկապես, շատ կարևոր է իմանալ, որ պատվաստանյութերն անցել և բավարարել են անվտանգության և որակի անհրաժեշտ չափանիշները»: Տեսանյութը հրապարակվել է այն բանից հետո, երբ իշխանությունը խնդրել է 70 տարեկանից բարձր բոլոր չպատվաստված քաղաքացիներին մեկական դեղաչափ պատվաստանյութ ստանալ:

Երկուշաբթի երկրում մոտ 352 հազար մարդ պատվաստվել է վարակի դեմ՝ այդպիսով պատվաստվողների ընդհանուր թիվը հասցնելով ավելի քան 12.6 միլիոնի: