Ջեյսոն Մոմոային առաջարկվել է նկարահանվել Սոնիկի մասին նոր ֆիլմում (լուսանկարներ)

«Գահերի խաղ» հեռուստասերիալի աստղ Ջեյսոն Մոմոան 2020 թվականի ամենաշահութաբեր ֆիլմերից մեկի՝ «Սոնիկ ոզնի»-ի սիքվելում նոր կերպարի՝ Նաքլզի դերում հանդես գալու առաջարկ է ստացել, հաղորդում է Hypebeast-ը:

Paramount Pictures ստուդիան դերասանին պաշտոնապես առաջարկել է այդ դերը, և այժմ ամեն ինչ կախված է Մոմոայի որոշումից։ Վերջերս հարցազրույցներից մեկի ժամանակ դերասանը հայտարարել էր, որ առայժմ կարդում է սցենարը և մտածում է պատասխանի մասին։

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ Նաքլզին հնչյունավորելու համար ֆիլմի ստեղծողները նաև դիտարկում են դերասաններ Քրիս Ռոքին կամ Սեմյուել Ջեքսոնին։
Ինչ վերաբերում է Սոնիկի կերպարին, ապա նրան կրկին կհնչյունավորի Բեն Շվարցը։

Հայտնի է, որ Նաքլզը ֆիլմում կլինի գլխավոր հերոսներից մեկը։ Սոնիկի մասին պատմող ֆիլմի շարունակությունը կինոսերների դատին կհանձնվի 2022 թվականի ապրիլի սկզբին։