Ամերիկացի ռեժիսոր Նիկոլ Քեսելը գրող Լայմեն Ֆրենկ Բաումի «Հրաշագործն Օզ երկրից» գրքի հիման վրա նոր ֆիլմ կնկարահանի, հաղորդում է Fox News-ը:
Հայտնի գիրքը որոշել է էկրանավորել Warner Bros-ին պատկանող New Line Cinema ստուդիան։ Երկարատև որոնումներից հետո ստուդիայի ղեկավարությունը ռեժիսոր է ընտրել Նիկոլ Քեսելին:
«Ինձ համար մեծ պատիվ է սիրելի դասական վեպն էկրանավորելու համար New Line-ին միանալը։ Չնայած այն փաստին, որ 1939 թվականի մյուզիքլն իմ ԴՆԹ-ի մեջ է, ես հուզված և շոյված եմ նման լեգենդար վեպը վերաէկրանավորելու պատասխանատվությունից»,- ասել է Քեսելը։
Գրքի ամենահայտնի էկրանավորումը MGM ստուդիայի 1939 թվականի արտադրության «Հրաշագործն Օզ երկրից» ֆիլմն է։ Այն ներկայացվել է «Օսկար» մրցանակի 6 անվանակարգում։
Քեսելը HBO հարթակում ցուցադրվող «Պահապանները» սերիալի գործադիր պրոդյուսերն էր։