Դերասան-ամուսիններ Վահագն Խաչատրյանն ու Լուսին Վարդանյանը հայկական շոու-բիզնեսի ամենասիրելի ու գեղեցիկ զույգերից մեկն են: Վահագն ու Լուսինը ամուսնացել են 2013 թվականին, այսինքն՝ մոտավորապես արդեն 8 տարի է՝ ինչ միասին են։ Ինչպես բոլոր զույգերի կյանքում, այդպես էլ Լուսինի և Վահագնի հարաբերություններում եղել են դժվարություններ, որոնք նրանք հաղթահարել են սիրո, ներողամտության և փոխըմբռնման շնորհիվ։
Զույգն այժմ դաստիարակում է իրենց երկու երեխաներին։ Ռուզաննան և Արան իրենց ծնունդով էլ ավելի մեծ սեր և երջանկություն են բերել դերասանների ընտանիք։
Showbiz.am-ը Սուրբ Վալենտինի նախօրեին զրուցել է Վահագն Խաչատրյանի հետ՝ անդրադառնալով ամուսնությանն, ընտանեկան առօրյային, երեխաններին, ինչպես նաև հիշել զվարճալի և հետաքրքիր դեպքեր իրենց ամուսնական կյանքից։
– Հետաքրքիր է՝ ծանոթությունից հետո ինչքա՞ն ժամանակ պահանջվեց մինչև կգայիք ամուսնության մտքին։ Եվ արդյո՞ք առաջարկությունից հետո Լուսինն այն միանգամից ընդունել է։
– Մենք իրար հետ ենք սովորել նույն կուրսում։ Ընկերություն սկսել ենք անել ավարտելուց հետո, այսինքն՝ երբ ընդունվեցի մագիստրատուրա։ Իրականում ամուսնանալ-չամուսնանալու հարց չի եղել, քանի որ երբ սկսեցինք ընկերություն ունել, դրա նպատակը եղել է ամուսնանալը։ Երկար մտածել, որոշում կայացնել, գցել-բռնել․․․ էսպիսի բաներ չեն եղել։ Մեր հարաբերությունների բուն նպատակը եղել է հետագայում ընտանիք կազմելը։
– Կա՞ բնավորության գիծ, որը փոխել եք հանուն Ձեր կնոջ։ Հաճա՞խ եք փոխզիջման գնում։
– Կարծում եմ՝ չկա այդպիսի բնավորության գիծ։ Հնարավոր է՝ որոշ բաներ հստակեցրել եմ, որոշ բաներ սկսել ավելի քիչ դրսևորել, բայց հաստատ չեմ ունեցել ինչ-որ բնավորության գիծ, որը կխոչընդոտեր մեր հարաբերություններին։
Իսկ հարաբերություններում, եթե միշտ մեկը զիջման գնաց, ուրեմն էդտեղ հարաբերություններ չկան։ Ամեն ինչ պետք է փոխադարձ լինի։
– Ի՞նչ եք կարծում, ո՞րն է երջանիկ ամուսնության գրավականը։
– Առաջին հերթին պետք է ունենալ խելացի, նվիրված, հասկացող մի մարդու, ով ցանկացած պարագայում քո կողքին կլինի։ Մնացածը լուծելի հարցեր են և արդեն երկրորդական են դառնում։
– Կա՞ բնավորության գիծ, որն այսքան տարի անց նոր եք բացահայտում Ձեր կնոջ մեջ։
– Նոր բան կարծում եմ չկա։ Եվ դա ևս իր պատճառն ունի։ Ինչպես վերևում նշեցի, մենք սկզբում ուղղակի կուրսեցիներ ենք եղել և այդ չորս տարվա ընթացքում, երբ մենք կուրսում ապրում էինք իրարով, ապրում էինք իրար հետ, հոգ էինք տանում միմյանց մասին, հասցրել ենք իրար լիովին ճանաչել։ Մենք ի սկզբանե խնդիր չենք ունեցել միմյանց վրա տպավորություն գործելու։
– Ո՞րն է Ձեր կատարած ամենախենթ կամ հիշարժան քայլը, որն արել եք հանուն Ձեր կնոջ։
– Իսկ դա պարտադի՞ր պայման է։
Ուրեմն Լուսինեին փախցրել էին, տարել մի հեռու գյուղ։ Յոթ զինված մարդիկ նրան պահում էին մութ նկուղում։ Ճշտելով նրանց գտնվելու վայրը՝ ես մենակ դատարկ ձեռքերով գնացել եմ և այդ յոթին էլ տապալել գետնին։ Վերջում Լուսինի բերանի «սկոտչը» պատռել եմ, ոնց կինոներում է լինում, գրկել եմ ու համբուրել նրան։
– Ի՞նչ փոխվեց ձեր կյանքում երեխաների ծնունդից հետո։
– Շատ-շատ բան է փոխվել։ Հաշվի առնելով այն, թե մենք ուր ենք ապրում, այն խնդիրները, որոնք մենք ունենք և ոչ միայն մենք, այլև շատ ընտանիքներ, ֆիզիկապես արդեն հնարավոր չի լինում անձնականին տրամադրելու համար։ Երեխաների ծնվելուց հետո հնարավորություն չի լինում ժամանակի մեջ տեղավորվելու համար։ Ցավոք, ոչ հաճախ ենք կարողանում ինքներս մեզ և մեր սիրելիներին անհարժեշտ ժամանակն ու ուշադրությունը տրամադրել։
– Ամուսնության տարեդարձ կամ այլ կարևոր ամսաթվեր շարունակու՞մ եք նշել։
– Ամուսնության տարեդարձը պարտադիր նշում ենք։ Բայց օրինակ՝ Վալենտին ու նմանատիպ բաները․․․ լավ, էս մեկը պետք է չասեի)): Երբ դու մարդու հետ ապրում ես երկար տարիներ, այն դառնում է ամենօրյա գործընթաց, ինչ-որ հատուկ օր չկա այս կամ այն առիթը նշելու համար, կարելի է գտնել հարմար մի օր և այն անցկացնել քո սիրելի մարդու հետ։
– Ե՞րբ առաջին անգամ տեսաք Ձեր կնոջը, ի՞նչ կարծիք կազմեցիք նրա մասին։ Եվ հետո երբ իրար ավելի լավ ճանաչեցիք, արդյո՞ք կարծիքը համապատասխանեց իրականությանը։
– Երբ մենք ծանոթացանք Լուսինեի հետ, այդ ժամանակ մենք ուղղակի համակուրսեցիններ էինք։ Այսինքն՝ մենք նպատակ չենք ունեցել մեկս մյուսի վրա չափազանց լավ տպավորություն թողնելու։ Այդ տարիների ընթացքում մենք հարցրել ենք իրար ճանաչել թե՛ լավ, թե՛ վատ կողմերից։ Մենք տպավորություն գործելու համար կարիք չենք ունեցել մեզ դրսևորել այնպես, ինչպիսին իրականում չենք եղել։ Այն ժամանակ դրա նպատակը պարզապես չի եղել։
Իսկ վերջում Վահագնը չմոռացավ նաև իր մաղթանքը հղել․ «Ես ցանկանում եմ, որ բոլորը սիրահարվեն, սիրեն, ապրեն այդ զգացմունքի բոլոր երանգները։ Ցանկանում եմ, որ սիրենք և գնահատենք մեր ծնողներին, երեխաներին։ Ու թող սիրելու կամ մեր սերը ապացուցելու համար ոչ մի տոն պետք չլինի։
Նյութը՝ Լուս Ավագյանի