Valentine’s Day․ «Մտածեցի՝ ինչ-որ շատ հպարտ է երևում, բայց ամեն դեպքում արժե մոտենալ»․ Հայկ Պետրոսյանի և կնոջ սիրո պատմությունը

Սուրբ Վալենտինի օրվան ընդառաջ Showbiz.am-ը որոշեց զրուցել հայկական շոու-բիզնեսի հայտնի զույգերի հետ ու ստանալ նրանցից իրենց ծանոթության պատմության, հարաբերությունների, զգացմունքների ու այլ «սիրային» հարցերի պատասխանները։ Նախապես կազմված հարցաշարին պատասխանել են թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ։

Այսպիսով, մեր ընթերցողներն ունեն հնարավորություն տեսնելու, թե ինչպես են նույն հարցերին պատասխանում հայտնի զույգերից յուրաքանչյուրը, որքանով են նրանք միմյանց ճանաչում, համընկնում են արդյոք նույն հարցի պատասխանները, երբ պատասխանում են կինն ու տղամարդը։

Հետևելով այս ռոմանտիկ հարցազրուցների շարքին, Showbiz.am-ի ընթերցողների համար պարզ կդառնա, թե հայտնիներից հատկապես ո՞ր զույգն է ամենաներդաշնակն ու միմյանց լավ ճանաչողը։

Կամերային երաժշտական թատրոնի դերասան Հայկ Պետրոսյանը, որը հեռուստադիտողին հայտնի է «Շանթ»-ի «Քաղաքում» սերիալում Նարեկի դերակատարմամբ իր կնոջ՝ Անի Պետրոսյանի հետ դաստիարակում է երկու փոքրիկ որդիներին։
Մեր բլից հարցմանը Հայկն ու Անին այն եզակի զույգերից էին, որ պատասխանեցին գրեթե նույնությամբ։ Տարիների ընթացքում նրանք իրար այնքան լավ են սկսել ճանաչել, որ անգամ սովորական հարցերում առանց որևէ դժվարության գուշակում էին միմյանց պատասխանները։
Սիրող և երջանիկ ընտանիքի հիմքում ամուսինները կարևորում են անկեղծությունը։

Կպատմե՞ք՝ ինչ զգացիք նրա հետ առաջին հանդիպման ընթացքում:
Հայկ․Երբ Անիին առաջին անգամ տեսա, եկա տուն ու մտածեցի, որ ներսս խառնվել է իրար, որովհետև անպայման ուզում եմ իրեն երկրորդ անգամ տեսնել։
Անի․ Զգացի, որ ծանոթացել եմ ինձ համար շատ հետաքրքիր մարդու հետ։

Հիշո՞ւմ եք, թե երբ առաջին անգամ հանդիպեցիք նրան:
Հայկ․Անիի հետ առաջին անգամ հանդիպել եմ օգոստոսի 10-ին։
Անի․ 2017 թվականի օգոստոս ամսին։ Մինչև ամսի 17-ը։

Ի՞նչ մտածեցիք նրա մասին:
Հայկ․Մտածեցի՝ ինչ-որ շատ հպարտ է երևում, բայց ամեն դեպքում արժե մոտենալ, ու մոտեցա, և ամեն ինչ ավարտվեց բարեհաջող։
Անի․Մտածել եմ, որ շատ վստահելի մարդ է։

Ո՞րն է նրա բնավորության մեջ Ձեր ամենասիրելի գիծը:  
Հայկ․Ինքը շատ անկեղծ մարդ է, վստահելի, և երկրորդ սիրածս գիծը՝ թիթիզ է շատ։
Անի․Եթե կարելի է բնավորության գիծ համարել՝ ինձ շատ սիրելը։

Ո՞րն է նրա բնավորության մեջ Ձեր չսիրած գիծը:
Հայկ․Չսիրած գիծը՝ ուշանալն է։
Անի․Որ ինչ-որ տեղ գնալիս, թեկուզ մի րոպե ուշանալու պատճառով նա անիմաստ լարվածություն է մտցնում։

Ի՞նչը կարող է նրա արարքներում Ձեզ նյարդայնացնել:
Հայկ․Բնականաբար, առաջին հերթին ուշանալը։
Անի․Լարված մթնոլորտ ստեղծելը ուշանալու պատճառով։

Ի՞նչ է անում նա, երբ ցանկանում է ներողություն խնդրել Ձեզնից, Ձեր սիրտը շահել:
Հայկ․Գալիս է ինձ համբուրում է, փաղաքշում է, սիրում է։ Դա ինձ համար մեծ աշխարհ է, ու ես միանգամից նրան ներում եմ։
Անի․Այնպիսի բաներ է անում, որից ես շատ կուրախանամ, ինձ հաճելի կլինի, ինձ լավ կզգամ։

Ձեր բնավորության ո՞ր գիծն եք դուք փոխել հանուն նրա:
Հայկ․Իր ուշանալու պատճառով փորձում եմ ինձ տիրապետել։ Մեկ-մեկ ստացվում է, մեկ-մեկ ոչ․․․
Անի․Մի փոքր քիչ եմ ուշանում։

Ձեր կարծիքով ո՞րն է ձեր սիրո երջանկության բանաձևը:
Հայկ․Մեր սիրո երջանկության բանաձևը միմյանց հոգսերով ապրելն է, իրար մասին շատ մտածելն ու անկեղծությունն է։
Անի․Երևի անկեղծությունն ամեն հարցում։

Ի՞նչը կարող է բաժանել ձեզ։
Հայկ․Խաբեությունը, վատ խաբեությունը․․․
Անի․Սուտը, լուրջ սուտը․․

Ո՞վ է առաջինը խոստովանել որ սիրում է:
Հայկ․Ես։
Անի․Հայկը։

Ո՞վ է ավելի էմոցիոնալ:
Հայկ․Անին։
Անի․Ես։

Ո՞վ է ավելի ներողամիտ:
Հայկ․Ես։
Անի․Նայած որ պարագայում․ և՛ ես, և՛ ինքը։

Ո՞վ է ավելի շատ անակնկալներ սիրում:
Հայկ․Ավելի շատ անակնկալներ ես եմ սիրում, բայց դադարել եմ անակնկալներ մատուցել, միշտ իրեն պատրաստի նվերներ եմ տալիս։
Անի․Ես եմ սիրում, բայց նա այս վերջերս չի մատուցում։

Ո՞վ է ավելի խիստ երեխաների նկատմամբ:
Հայկ․Ես եմ ավելի խիստ։
Անի․Հայկը։

Ո՞վ է ավելի շատ երես տալիս երեխաներին:
Հայկ․Ավելի շատ երես է տալիս Անին։
Անի․Ես։

Ի՞նչ կմաղթեք նրան, ո՞րն է Ձեր ամենանվիրական երազանքը կապված նրա հետ։
Հայկ․Ես ուզում եմ, որ մեր ամբողջ համատեղ կյանքի ընթացքում մենք լինենք այնպիսին, ինչպիսին եղել ենք մեր առաջին ծանոթության օրը, սկզբնական շրջանում, որովհետև այդ ընթացքում սերն ու խենթությունները մի քիչ ավելի ուրախ, ցայտուն ու գունեղ են, դրա համար մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ այդ վառ, պայծառ վիճակը միշտ լինի մեր մեջ, ու կարծում եմ՝ դա ճիշտ է զույգի համար։
Անի․ Ցանկանում եմ, որ ամբողջ կյանքում իր կողքին լինեմ, ինձնից պրծում չունենա։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան