2 մլն դոլարը կբաժանվի 3 որդու միջև. հայտնի է Լարի Քինգի կտակի բովանդակությունը

Ամերիկյան People ամսագրի տրամադրության տակ է հայտնվել հեռուստահաղորդավար Լարի Քինգի ձեռագիր կտակը: Փաստաթուղթը թվագրված է 2019 թվականի հոկտեմբերի 17-ով և այն կազմվել է երկու ամիս անց այն բանից, երբ լրագրողն իր յոթերորդ կնոջից ամուսնալուծվելու դիմում է ներկայացրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Քինգը ցանկացել է, որ իր ունեցվածքը, որը գնահատվում էր երկու միլիոն դոլար, հավասարապես բաժանվի իր երեխաների միջև: Հեռուստահաղորդավարն ունեցել է 5 երեխա, որից երկուսը մահացել են, ուստի`ժառանգությունը կկիսվի 3 որդիների միջև:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք Լարի Քինգը մահացել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում` կորոնավիրուսի դեմ պայքարից հետո. հեռուստահաղորդավարը երկար տարիներ առողջական խնդիրներ է ունեցել։

Լոուրենս Հարվի Զեյգերը (Լարի Քինգ) ծնվել է 1933 թվականի նոյեմբերի 19-ին Նյու Յորքի շրջանում։ Լարիի ծնողները՝ Ջենի և Էդի Զեյգերները, գաղթել են Բելառուսից և Ավստրիայից (հայրը Ավստրիայից էր, իսկ մայրը՝ Բելառուսից)։