«Միստր ու միսիս Սմիթները» վերադառնում են սերիալի տեսքով

Amazon-ը հրապարակել է «Միստր և միսիս Սմիթ» մարտաֆիլմ-կատակերգության դերասանական կազմը։ Գլխավոր դերերը կկատարեն Ֆիբի Ուոլեր-Բրիջը և Դոնալդ Գլովերը, որը նաև երաժիշտ է և հայտնի է Childish Gambino բեմական կեղծանվամբ:

Բնօրինակ «Միստր և միսիս Սմիթ» ֆիլմը մեծ էկրան է բարձրացել  2005 թվականին։ Այն պատմում է ամուսինների մասին, որոնք միմյանցից գաղտնի ճանապարհորդում են աշխարհով մեկ և կատարում վտանգավոր առաքելություններ։ Կինոնկարը բեմադրել է Դագ Լայմանը, իսկ գլխավոր հերոսներին մարմնավորել են Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին։ Ֆիլմը հիթ է դարձել կինովարձույթում՝ 110 մլն բյուջեի դեպքում հավաքելով 487 մլն դոլար։

2007-ին Լայմանը ABC-ի համար բեմադրել է սերիալի սիքվելը, որի գլխավոր դերերը կատարել են Մարտին Հենդերսոնը և Ջորդանա Բրյուսերը, սակայն հեռուստաալիքը դրա համար չի պատվիրել լիարժեք եթերաշրջան:

«Միստր և միսիս Սմիթ» սերիալը էկրան դուրս կգա 2022 թվականին։