Բրիտանական ֆիլմերի 17-րդ փառատոնը կանցկացվի առցանց

Բրիտանական խորհուրդը վերադառնում է Բրիտանական ֆիլմերի 17-րդ փառատոնի շրջանակներում վիրտուալ ցուցադրությունների իննօրյա ծրագրով։
ֆիլմերը հասանելի կլինեն հատուկ ստեղծված առցանց հարթակի շնորհիվ:
Փետրվարի 19-28-ը Հայաստանի ողջ տարածքում կինոյի երկրպագուները կկարողանան անվճար բացահայտել և դիտել բրիտանացի ռեժիսորների վերջին 20 տարիների հանրահռչակ գործերը, ինչպես նաև Կինոյի և հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի (ԲԱՖՏԱ) առաջադրած լավագույն կարճամետրաժ ֆիլմերի ընտրանին։
Փառատոնին ներկայացված կլինեն բոլոր ժանրերի ֆիլմեր՝ դրամայից մինչև վավերագրություն, ինչպես նաև այնպիսի գործեր, որոնք արժանացել են հեղինակավոր մրցանակների։ Փառատոնին ներկայացվող ֆիլմերն են՝ «Գնումների կեսգիշերով», «Մարտիկը»  (ԲԱՖՏԱ-ի «Ականավոր բրիտանական ֆիլմ» մրցանակակիրը), «Րեդ Ռոուզ» (2006թ․ Կաննի փառատոնի ժյուրիի մրցանակի հաղթողը), «Սուզանավ», «Մարտիկը» (2011թ․ «Բրիտանական անկախ ֆիլմ» մրցանակի հաղթողը), «Լեդի Մակբեթ» և «Ինքնակոչը» (2012թ․ ԲԱՖՏԱ-ի մրցանակակիր վավերագրական ֆիլմը)։ Բոլոր ֆիլմերը հնարավոր կլինի դիտել անվճար՝ անգլերեն բնօրինակով և հայերեն ենթագրերով։

Հայաստանում ՄԹ-ի գործերի հավատարմատար, դեսպան Հելեն Ֆեյզին նշում է․ «Ես ուրախ եմ, որ Բրիտանական ֆիլմերի փառատոնը Բրիտանիայի կինեմատոգրաֆի լավագույն և ամենաստեղծարար աշխատանքներն է բերում Հայաստան։ Այս կինոփառատոնը մեր երկու երկրների միջև ավելի ամուր մշակութային կամուրջներ կառուցելու հնարավորություն է։ Ֆիլմերը կապեր հաստատելու և փոխըմբռնում ձևավորելու հիանալի միջոց են։ Արվեստների միջոցով մենք ցանկանում ենք ստեղծել մշակույթի, ստեղծարար աշխարհաճանաչման և մշակութային փոխանակումների ապահով հարթակներ, որոնք կնպաստեն երկխոսությանը և կսատարեն սոցիալական ներառմանը»։

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանի դիտարկմամբ էլ բրիտանական ֆիլմերի փառատոնը հնարավորություն է տալիս ավելի ամուր մշակութային և անձնային կապեր ստեղծել հայ հասարակության հետ։  «Հաշվի առնելով համավարակի՝ արվեստների ոլորտի վրա ունեցած ազդեցությունը և Հայաստանում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները՝  մենք իսկապես ուրախ ենք աջակցել և հանրահռչակել ՄԹ-ի ֆիլմարտադրողների գործերը հայաստանյան լսարանի շրջանում։  Այն մարդկանց հնարավորություն կտա կտրվել մեր իրականությունից և վայելել ստեղծարար աշխարհընկալումները»։