Ջեյ Զին և Ջեք Դորսին բիթքոինի զարգացման հիմնադրամ են ստեղծում

Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսին միավորվել է ամերիկացի ռեփեր Ջեյ Զիի հետ՝ Bitcoin-ի զարգացման հիմնադրամ ստեղծելու համար, որի գործունեությունը կմեկնարկի Աֆրիկայում և Հնդկաստանում: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Դորսին:

Ինչպես փոխանցում է entrepreneur.com-ը, նրանք ծրագիր են նախաձեռնում, որն ստացել է trust անվանումը, և մտադիր են 500 բիթքոին նվիրաբերել հիմնադրամին՝ ընդհանուր 23,6 մլն դոլար արժողությամբ:

Գործարարը նշել է, որ հիմնադրամի գործունեությունն այնպես է կազմակերպվելու, որ ոչ ինքը, ոչ էլ երաժիշտը չկարողանան ցուցումներ տալ դրա աշխատանքի վերաբերյալ: Այլ տեղեկություն Դորսին չի հաղորդել:

Հայտարարությունն արվել է հակասական պահի, քանի որ Հնդկաստանն օրեր առաջ հայտարարել էր, որ ամբողջովին կարգելի թվային արժույթները երկրում:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ բիթքոինը հերթական պատմական ռեկորդային ցուցանիշն էր գրանցել՝ հասնելով 47 450 դոլարի:

Թվային արժույթում 1,5 մլրդ դոլարի ներդրում անելու մասին ավելի վաղ հայտարարել էր նաև Telsa ընկերության հիմնադիր Իլոն Մասկը: