Սպորտից՝ շոու-բիզնես․ Տիգրան Խանջարյանը՝ նոր տեսահոլովակի մանրամասների մասին և ոչ միայն

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախկին դարպասապահը, ով երգչի կարիերա է սկսել, երեկ՝ սիրահարների տոնին, ներկայացրեց իր թվով չորորդ տեսահոլովակը։ Տիգրան Խանջարյանի նոր տեսահոլովակը գեղեցիկ սիրո պատմության մասին է։ Երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է։ Երգը կոչվում է «Աշխարհս»։

Նկարահանումները տեղի են ունեցել Բելգիայի Բրյուսել քաղաքում։ ShowBiz.am-ի հետ զրույցում Տիգրանը նշեց, որ բավականին մեծ թիմ է աշխատել տեսահոլովակի վրա, ներգրավված է եղել 18 դերասան։ «Մեր թիմը շատ պարտաճանաչ և նվիրված կերպով է մոտեցել իր գործին։ Նրանց ուզում եմ շնորհակալություն հայտնել իրենց մասնակցության և պրոֆեսիոնալիզմի համար»,- նշում է երգիչը։

Մինչ երգի կարիերա սկսելը Տիգրանը զբաղվել է պրոֆեսիոնալ ֆուտբոլով․ «2013-14թթ․ խաղացել եմ «Փյունիկ» ակումբում։ Սակայն լուրջ վնասվածքի պատճառով ստիպված եմ եղել ավարտել ֆուտբոլիստի կարիերան»։

Խոսելով երգչի կարիերայի և այդ բնագավառում իր առաջին քայլերի մասին՝ Տիգրանը պատմում է․ «Ես միշտ սիրել եմ երգել, հայրս էլ է երաժշտությամբ զբաղվել, տարբեր առիթների ժամանակ ելույթ եմ ունեցել։ Իսկ արդեն 2019-ին արել եմ իմ առաջին պրոֆեսիոնալ քայլերը երգարվեստում։ Սա իմ չորրորդ տեսահոլովակն է, կարծում եմ՝ այս գործընթացը շարունակական կլինի, ես մտադիր եմ շատ շուտով նաև ալբոմ թողարկել, այս երգից հետո արդեն կսկսենք լուրջ աշխատանքներ տանել այդ ուղղությամբ, ամենայն հավանականությամբ, ալբոմում կներառվի 10-12 երգ»։

Տիգրան Խանջարյանը, ապրելով Բելգիայում, մշտապես մեծ ցանկություն է ունեցել հայրենիք վերադառնալու․ «Չնայած իմ պարագայում այնպես է ստացվել, որ ես տարվա գրեթե կեսը Հայաստանում եմ լինում։ Երևի թե վերջին երկու ամսվա ընթացքում երեք անգամ այցելել եմ Հայաստան։ Սակայն ցանկություն ունենալու հետ մեկտեղ ես գիտակցում եմ, որ հայրենիք կվերադառնամ միայն այն պարագայում, երբ իմ գործում կկարողանամ բավարար գումար վաստակել և ապրել միայն դրանով»։

Խոսելով այն մասին, թե ինչպես է ստացվել սպորտից անցում կատարելը շոու-բիզնեսին՝ նախկին դարպասապահը պատմում է․ «Կարելի է ասել, որ այդ ընթացքն անգիտակցաբար է եղել։ Ճիշտ է՝ սպորտն ու շոու-բիզնեսն առաջին հայացքից միմյանց հետ կապ չունեն։ Բայց իրականում այդպես չէ, երկու պարագայում էլ դու պետք է չափազանց մեծ աշխատասիրություն ունենաս որևէ արդյունքի հասնելու համար։ Երբ սկսեցի երգել, մարդկանց արձագանքը այնքան դրական էր, որ ինձ ուժ տվեց շարունակելու։ Հետո երբ արդեն կարանտինը սկսվեց, ես այդ ողջ ընթացքում (48 օր) պատշգամբից երգել եմ, դա ևս ինձ ճանաչում բերեց։ Նույնիսկ Հայաստան կատարած վերջին այցիս ժամանակ թե՛ օդանավակայանում, թե՛ քաղաքում մարդիկ մոտենում, բարևում և շնորհակալություն էին հայտնում, որ ես այդքան ժամանակ իրենց աջակցել և լավ տրամադրություն եմ փոխանցել։

Տիգրան Խանջարյանը երգելուն զուգահեռ այլ աշխատանքով ևս զբաղվում է․ «Այստեղ աշխատում եմ պետական կառույցում։ Ունեի սեփական բիզնես, բայց որպեսզի կարողանայի երգին բավականին ժամանակ տրամադրել, որոշեցի բիզնեսս վաճառել։ Պետական կառույցներում աշխատաժամանակը ավելի քիչ է, այդպիսով՝ կարողանում եմ երգարվեստին էլ բավարար ժամանակ հատկացնել»։

Նյութը՝ Լուս Ավագյանի