Կարո Բալյանը կղեկավարի Օրսկի Ա. Պուշկինի անվան դրամատիկական թատրոնը որպես գլխավոր ռեժիսոր

 

Բեմադրիչ Կարո Բալյանը այսուհետ որպես գլխավոր ռեժիսոր կղեկավարի Ռուսաստանի Օրսկ քաղաքի Ա. Պուշկինի անվան դրամատիկական թատրոնը։ Բալյանը նշում է, որ ոչ վաղ անցյալում Օրսկի թատրոնում բեմադրություն անելու առիթ է ունեցել ու Showbiz.am կայքի հետ զրույցում պատմում է, թե ինչպես է փորձելու համատեղել աշխատանքները Ռուսաստանում և Հայաստանում։

«Դե, այնտեղ մի ներկայացում արդեն բեմադրել էի, տնօրենը փոխվել է, նոր տնօրեն ունի թատրոնը։ Առաջարկեցին բեմադրություն անել այնտեղ, հետո կամաց-կամաց թեման փոխվեց ու առաջարկն այդպես եղավ։
Երևի թե պետք է ձևակերպեմ որպես գործուղում, որ կարողանամ վերադառնալ աշնան ամիսներին։ Երևի թե մեծամասնությունը տարվա կանցկացնեմ այստեղ, դա դեռ ցանկություն է, որը փորձում եմ իրականացնել»,-կիսվում է Բալյանը։
Նշենք, որ Կարո Բալյանը Երևանում Շեքսպիրյան փառատոնի տնօրենն է և դասախոսում է նաև Թատերական ինստիտուտում։

Անդրադառնալով օրերս Կրայովայի թատերական փառատոնի (Ռումինիա) շրջանակում անցկացված «Հեկտոմերոն» թատերական նախագծին՝ Կարո Բալյանն ասաց․ «Զանգահարեցին ու առաջարկեցին, որ Հայաստանը ներկայացնեմ ես։ Արդեն ընտրած էր իմ մասը, որը պետք է բեմադրեի։ Բավականին անետաքրիքր մաս էր, անկեղծ ասած, բայց փորձեցի ամեն ինչ անել, որ հետաքրքիր լինի։
Ամեն դեպքում, իրենց կողմից արձագանքն ինձ համար կարևոր էր։ Թե՛ փառատոնի ղեկավարության, թե՛ հանդիսատեսի արձագանքը լավն էր»։
Նշենք, որ փառատոնին մասնակցել են հրավիրյալ ռեժիսորներ աշխարհի 100 երկրից: Նրանցից յուրաքանչյուրին առաջարկվել է բեմադել այս կամ այն պատմությունը իտալական վերածննդի դարաշրջանի հանրահայտ հեղինակ Ջովանի Բոկաչչոյի «Դեկամերոն» ստեղծագործությունից։

Մինչ նոր աշխատանքին անցնելը, Բալյանը կմեկնի Օրենբուրգ՝ Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետը» բեմադրելու։
««Ռոմեո և Ջուլիետը» բեմադրությունը նույնպես հրավեր էր։ Երբ առաջարկեցին այդ ներկայացումը բեմադրել, ասացի՝ այդ մտքին բացասական չեմ նայում, մի փոքր ինձ ու պիեսին մենակ թողեք իրար հետ։
Եվ մի քանի օր հետո զանգահարեցի և համաձայնեցի»,-ասում է նա։

Կարո Բալյանը նաև պատմում է, թե ինչպես անցկացրեց 2020 թվականը, որը բավականին դժվար տարի էր արվեստի գործիչների համար, ինչպես նաև կիսվում է պատերազմական շրջանում իր ապրումներով․ «Դժվար էր մարտին պրեմիերա ունեինք՝ «Կապիր ինձ մահճակալին» ներկայացումը, որը 11 ամիս անց՝ փետրվարի 17-ին, նոր կներկայացնենք։ Բավականին դժվար էր, բայց ինչպես բոլորը, այնպես էլ մենք փորձեցինք պարապ չմնալ, և այդ պայմաններում ստեղծվեց «Թթվածին» դոկումենտալ ներկայացումը կորոնավիրուսի թեմայով։

Ռազմաճակատում բոլորս էլ ունեինք մտերիմներ, և նույնիսկ անծանոթ մարդիկ էին ինձ մտերիմ։ Նա, ով պատերազմում է հայրենիքի համար, ինձ համար ամենահարազատ մարդն է։
Ընկերներ ունեցա, որոնց հողին հանձնեցինք։ Ցավոք սրտի, շատ են կորուստները։
Օրեր են եղել, որ ես էլ եմ գտնվել այնտեղ, չեմ ուզում բարձր-բարձր բառեր ասել, որովհետև շատերի մասին չենք էլ լսել, բայց հերոսները, իրականում, նրանք են։ Ռազմաճակատում մենք ուղղակի փորձել ենք կարողացածի չափով օգնել»։

Ռեժիսորը նաև նշում է, որ ապագայում նախագիծ կներակայացնի արցախյան 44-օրյա պատերազմի մասին․ «Պատերամզի հետ կապված նախագծերի մասին սկսել եմ մտածել․ մի ընկեր ունեմ, ով ԱՄՆ-ում է՝ Կարեն Խաչատրյանը։ Մի օր հարցրեց՝ կորոնավիրուսի հետ կապված «Թթվածին» ներկայացումը եղավ, բայց քեզնից սպասում եմ պատերազմի հետ կապված ինչ-որ բան։
Լավ միտք տվեց, ու ասացի, որ կմտածեմ անպայման։ Ուղղակի պետք է երկար մտածել, որովհետև շատ նուրբ թեմա է, սխալվել չի կարելի»։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան