«Կապի՛ր ինձ մահճակալին». 16+ ներկայացման հետաքրքիր մանրամասներն ու լուսանկարները

Վաղն արդեն հանդիսատեսի դատին կհանձնվի աշխարհահռչակ ֆրանսահայ դրամատուրգ Ռաֆֆի Շարտի «Կապի՛ր ինձ մահճակալին» կատակերգությունը։ Ներկայացման պրեմիերան նախատեսված է փետրվարի 17 և 18-ին Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում։ Իսկ մինչ այդ, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, որին ներկա էր նաև ShowBiz.am-ը, լրագրողների հարցերին պատասխանեցին ներկայացման ռեժիսոր Կարո Բալյանը, դերասաններն ու նախագծի պրոդյուսերությամբ զբաղվող Modd Events հայ-ֆրանսիական կազմակերպության համահիմնադիր, տնօրեն Արմենուհի Հարությունյանը։

Մեզ հետ զրույցում Արմենուհի Հարությունյանը պատմեց, որ կազմակերպությունը տասը տարուց ավելի է, ինչ հայկական շուկայում է և հայտնի է տարբեր միջոցառումների կազմակերպման ոլորտում։ «Կապի՛ր ինձ մահճակալին»-ը Modd Events-ի հերթական պրոդյուսերական նախագծերից մեկն է։

«Քանի որ գործ ունենք հայ-ֆրանսիական կազմակերպության հետ, մեր Ֆրանսիայի գրասենյակի ջանքերով մենք կարողացանք կապեր հաստատել Ռաֆֆի Շարտի հետ։ Իրականում կապեր վաղուց կային, բայց, կարծես թե, այս թեման թարմացրինք և հեղինակից համաձայնություն ձեռք բերեցինք, այսինքն՝ իրավունք ստացանք, որպեսզի կարողանանք ներկայացումը բերել Հայաստան և բեմադրել այստեղ։ Ներկայացման պրեմիերան դեռ անցած տարվա մարտին պիտի կայանար, սակայն պրեմիերայից մեկ շաբաթ առաջ մտցվեց կարանտինը և ամեն բան ձախողվեց։ Ռաֆֆի Շարտը ևս պետք է ներկա գտնվեր պրեմիերային։ Ես իրականում շատ ուրախ եմ, որ մենք նորից մեր մեջ ուժ գտանք և որոշում կայացրինք, որ ներկայացումը անպայման պետք է բեմ բարձրանա։ Հաշվի առնելով այն բոլոր մարտահրավերները, որոնց նախորդ տարի մենք ստիպված եղանք բախվել, այդուհանդերձ մեր ստեղծագործական թիմը որոշում կայացրեց, որ կոմեդիան անպայման պետք է կյանք ունենա։ Ճիշտ է՝ դժվար որոշում էր, բայց մենք ինքներս էլ հասկանում ենք, որ միայն մշակույթի միջոցով է, որ մենք կարող ենք ինչ-որ ձևով ապաքինվել ու գնալ առաջ։ Գնալ առաջ և աշխարհին ևս մեկ անգամ ապացուցել ու ձեռնոց նետել, որ մենք կանք, մենք այստեղ ենք, մենք ապրում ենք ու մենք իրավունք ունենք մեր խոսքն ասելու»,- նշում է Արմենուհի Հարությունյանը։

Ներկայացման տոմսերը գրեթե ամբողջությամբ վաճառվել են և, ըստ Արմենուհու, դրա գլխավոր պատճառներից մեկն էլ այն է, որ իրենք աշխատել են շատ տաղանդավոր ռեժիսորի և դերասանների հետ։ «Իրենց շնորհիվ ես վստահ եմ, որ մեր հանդիսատեսը բարձրակարգ և բարձրաճաշակ հումոր և ներկայացում է տեսնելու բեմի վրա։ Ես ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել իրենց համբերատարության համար․ մեկ տարին քիչ ժամանակ չէ»,- կիսվում է Արմենուհի Հարությունյանը։

Ներկայացման մեջ ներգրավված են Լևոն Հարությունյանը, Անդրանիկ Հարությունյանը, Մխիթար Ավետիսյանը, Արա Սարգսյանը, Սաթենիկ Հազարյանը, Լիա Զախարյանը և Անի Պետրասյանը։

Իսկ ինչո՞ւ «Կապի՛ր ինձ մահճակալին»․ այս հարցին փորձեց պատասխանել ներկայացման ռեժիսոր Կարո Բալյանը․ «Եթե անկեղծ լինեմ, ներկայացման ընթացքում ում պատահի կապում ենք մահճակալին։ Այն ֆրանսիական տարբերակում կոչվում է «Կապիր ինձ ջեռուցման համակարգին»։ Դե, ֆրանսերենը գեղեցիկ լեզու է, ու ինձ թվում է՝ ինչ բառ էլ օգտագործեին, գեղեցիկ կհնչեր, իսկ մեզ մոտ այն մի տեսակ շատ երկար և ոչ ներկայանալի էր հնչում։ Իսկ քանի որ թատրոնի լեզուն մեզ թույլ է տալիս կատարել հետաքրքիր գեղարվեստական փոփոխություններ, արդյունքում ունեցանք «Կապի՛ր ինձ մահճակալին»։

Այն իրավիճակային կոմեդիա է՝ մեկ գործողությամբ։ Բեմանկարչությամբ զբաղվել է Անի Դերունցը, ով Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանողուհի է։

«Չեմ ուզում ասել, թե կոմեդիան ինչի մասին է, քանի որ, ըստ երևույթին, ձեզ համար միևնույնն է, թե այն ինչի մասին կլինի, կարևորը լինի իրավիճակային կոմեդիա, կարևորը լինի լավ, հետաքրքիր և ծիծաղելի ներկայացում»,- նշում է Բալյանը։

Պիեսի մեջ մեծ դեր է գրավում նաև տեղայնացումը, բացի այդ նաև բավականին մեծ կրճատումներ են եղել։ «Ռաֆֆի Շարտի մոտ, այսպես ասած, ըստ ֆրանսիական նորմայի մեջ է գրված, մենք գնում ենք այլ երկիր, տեսնում, որ թատրոնում բեմադրվել է 8 ժամանոց կամ երկու օր տևող ներկայացում, բայց փորձիր այստեղ հանդիսատեսին երկու ժամից ավելի դահլիճում պահել, էլ ցմահ հետդ չեն խոսի»,- կեսկատակ-կեսլուրջ նշում է ռեժիսորը։

Խոսելով ներկայացման յուրահատկության և բացառապես իր ընկալումների մասին՝ դերասան Լևոն Հարությունյանը նշում է․ «Իմ տարբերակում ներկայացումը սիրո մասին է՝ ուղղակի ֆրանսիական արտահայտչամիջոցներով, քանի որ նրանք կոմպլեքսներից զուրկ են և կյանքին բոլորովին այլ կերպ են նայում։ Նրանք սեր են գտնում մազոխիզմի մեջ, սեր գտնում են խառը փոխհարաբերությունների մեջ, բաժակը ջարդելու մեջ, իսկ մեզ մոտ այն շատ ուղիղ է։ Այն պատմում է մի կնոջ մասին, ով իր ամուսնուն թողել և հեռացել է, նրա այդ արարքում պետք չէ պատճառներ փնտրել, քանի որ նա պարզապես կին է, ում ամեն բան թույլատրելի է։ Կինն է ստիպում տղամարդուն միշտ տղամարդ մնալ։ Կինն իր տեսակով խելառ է, նա աշխարհին այլ կերպ է նայում։ Այն, ինչը նա կարողանում է տեսնել, մենք չենք կարողանում տեսնել, ու դրանից են գալիս մեր բոլոր խնդիրները»։

Լևոն Հարությունյանի համար դժվար էր այս ամեն ինչից հետո կրկին բեմ բարձրանալը․  «Մանավանդ հաշվի առնելով այն փաստը, որ մենք ամեն վատ բանից հետո մի քիչ ուշ ենք հետ գալիս։ Բայց պիտի սովորենք շատ բաներ թողնել անցյալում, սակայն դրանք երբեք չմոռանալ։ Խնդրանքս, եկեք մեր նոր սերնդին մեր թևի տակ պահենք, հա՛մ նրանցից սովորենք, հա՛մ նրանց զուգընթաց քայլենք։ Մենք այն ազգն ենք, որ կարող ենք այսպիսի քանակով հերոսներ տալ, ճիշտ է, մի քիչ դաժան բան եմ ասում, բայց դա է մեր ճակատագիրը։ Այսօր բացի նրանից, որ մենք կորցրել ենք, այսօր մենք նաև պահելու բան ունենք, որի անուն է Հայրենիք, որի անունն է հայ»։

Ներկայացման մասին խոսեց նաև դերասան Անդրանիկ ՀԱրությունյանը։ «Մարմնավորում եմ ինձ)), բայց իրականում կատակ եմ անում, ես այդ տեսակը չեմ, ուղղակի փորձել եմ անել ամեն բան նրան նմանվելու համար։ Իմ հերոսը ազատ կյանք է վարում և ամբողջ օրը աղջիկների հետ ժամանակ անցկացնում։ Նրա ուղեղի մեջ անընդհատ աղջիկներ են՝ վարձել, բերել, զվարճանալ, շատ աննորմալ մարդու տեսակ է։ Առաջին անգամ եմ այսպիսի կերպարի վրա աշխատել, հետաքրքիր փորձ էր»,- պատմում է Անդրանիկը։

Ներկայացման ընթացքում դերասանը մոտավորապես 5-6 անգամ փոխվում է, ժամանակային առումով հասցնելը բարդ է, բայց, ըստ դերասանի, այդպիսով նրա կերպարն ավելի գունեղ և հետաքրքիր է ստացվել։

«Երկար դադարից հետո շատ դժվար էր նորից բեմ բարձրանալը։ Բայց հանդիսատեսը ընկալեց ու լավ ընդունեց մեզ։ Պետք է ժպտանք, ժողովուրդ, ինչքան տխուր լինենք, վատ լինենք, այնքան այն ավելի բացասաբար կանդրադառնա մեր կենսակերպի վրա»,- նշում է Անդրանիկ Հարությունյանը։

Լիա Զախարյանը ներկայացման մեջ խաղում է «կանչովի« աղջկա դեր, ով առաջին անգամ է փորձում իրեն դրսևորել իր մասնագիտության մեջ։ «Նա մեծ ջանքեր է գործադրում, որ հանկարծ ոչ ոքի չհիասթափեցնի, որ իրեն էլի աշխատանք տան։ Ու քանի որ նա գալիս է ուրիշ աղջկա փոխարեն, պատասխանատվությունն է՛լ ավելի է մեծանում»,- ներկայացնում է Լիան։

«Մասնագիտությունս թույլ է տալիս տարբեր կերպարներ կերտել, դրանց մեջ մտնել ու դրանից հաճույք ստանալ։ Պեպիտան նույնպես գալիս է հանդիսատեսին զվարճացնելու և իրեն տարբեր կերպարներում փորձելու համար»,- նշում է դերասանուհին, ապա հավելում, որ իր դերի համար քասթինգ է անցել․ «Բալյանը ուղարկեց պիեսը, ասաց՝ կարդա, եթե կարողանաս գուշակել՝ որ դերի համար եմ այն քեզ ուղարկում, կանցնես քասթինգը։ Ինչ խոսք, բախտս բերեց»։

Հեղինակ՝ Լուս Ավագյան