Դուբայի արքայադուստրը գաղտնի տեսանյութ է նկարահանել՝ հայտնելով, որ հայրը բանտարկել է իրեն

Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամեդ բին Ռաշիդ ալ Մաքթումի դուստրը` արքայադուստր Լատիֆան, գաղտնի տեսանյութ է նկարահանել՝ հայտնելով, որ հայրը «բանտարկել է իրեն և որպես պատանդ է պահում», հաղորդում է BBC-ն։

BBC-ի տրամադրության տակ հայտնված տեսաուղերձներում 35-ամյա արքայադուստրը նշում է՝ «գտնվում է առանձնատանը, որը բանտի է վերածվել»։

«Ես պատանդ եմ։  Այս առանձնատունը բանտի են վերածել։ Բոլոր պատուհանները վանդակաճաղերով փակ են, ես չեմ կարող բացել ոչ մի պատուհան։ Ես նույնիսկ չեմ կարող դուրս գալ փողոց և թարմ օդ շնչել։ Ամեն օր ես վախենում եմ իմ կյանքի համար»,- ասել է նա։

Արքայադուստր Լատիֆայի խոսքով՝ «իրեն սպառնացել են, որ ամբողջ կյանքն անց է կացնելու բանտում և արևի շող չի տեսնելու»։

Անցյալ տարի Լոնդոնի Բարձր դատարանը նրա հորը՝ Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամեդ բին Ռաշիդ ալ Մաքթումին, մեղավոր էր ճանաչել երկու դուստրերի՝ արքայադուստր Շամսային և արքայադուստր Լատիֆային առևանգելու համար։

Դատավորը Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամեդ բին Ռաշիդ ալ Մաքթումի գործողությունները որակել էր ոչ միայն թագավորության, այլև միջազգային իրավունքի խախտում։

Դուբայի կառավարիչը և Դուբայի թագավորական դատարանը հայտարարել էին, որ դուստերերն անվտանգ են և գտնվում են իրենց ընտանիքի սիրող հոգածության ներքո։

BBC-ն նաև հայտնում է, որ արքայադուստր Լատիֆային մոտ 30 ոստիկան է հսկում։ Նշենք, որ նա Դուբայից փախել էր 2018 թվականի փետրվարին, սակայն հաջորդ ամիս նրան բռնի հետ էին վերադարձրել։