«Հայն ու Հայը»․ ներկայացում բոլորի մասին՝ Կամերայինի բեմում

Փետրվարի 17-ին Կամերային Թատրոնում կայացավ «Հայն ու Հայը» լավատեսական կատակերգության պրեմիերան, որի բեմադրության հեղինակը Դավիթ Աբրահամյանն է։
Դավիթ Աբրահամյանը Showbiz.am կայքի հետ զրուցյում պատմում է՝ որևէ նոր գործ նախաձեռնելու համար իրեն ոգևորում և միտք են տալիս այն հարցերը, որոնք խմորվում ու շոշափվում են շրջապատող իրականության մեջ։
«Կոնկրետ այս ներկայացման գաղափարը ծնվեց մինչև պատերազմը, և այն ցավալի իրողությունները, որոնց ականատեսը եղանք բոլորս։ Կարծես ենթագիտակցորեն զգացի, որ կարիք կա ինքնաճանաչման, ինքնաքննադատության, որովհետև արդեն իսկ անհասկանալի և անբացատրելի մի գործընթաց էր սկսվել մեր հասարակության մեջ, որն էլ ավելի սրեց ցանկությունը անդրադառնալու հենց մեզ` հայերիս»,-ասում է նա։

Դավիթը նշում է, որ առաջին փորձից մինչև այսօր ներկայացումը եթե ոչ 180, ապա 90 աստիճանով փոխվել է և շարունակվելու է փոխվել, որովհետև ընտրված ձևաչափն այնպիսին է, որ յուրաքանչյուր նոր և կարևոր իրադարձություն կարող է դառնալ մի նոր տեսարան։

Մարտին Դավիթը կրկին կունենա նոր ներկայացում, որտեղ կխաղան նաև հայտնի դերասաններ․ ««Հայն ու Հայը» իմ թվով երրորդ բեմադրությունն է, բայց այս թատրոնում առաջինը, ինչի համար իմ խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել Կամերային Թատրոնին՝ ի դեմս գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանի և տնօրեն Լուսինե Երնջակյանի, որ ընձեռեցին մեզ նման հնարավորություն։ Ինչպես նաև առանձնահատուկ շնորհակալություն Արշալույս Հարությունյանին, որ օգնեց մեզ ներկայացման ադապտացիայի հարցում։ Մարտին հենց նույն ջերմ ու գրկաբաց Կամերայինում կլինի իմ մյուս բեմադրության պրեմիերան։ «Հինգ պատմություն սիրո մասին» վերնագրով բազմաժանր ներկայացումը, որտեղ բախտ է վիճակվել աշխատելու երկու անչափ տաղանդավոր դերասանների` Մխիթար Ավետիսյանի և Էվա Խաչատրյանի հետ»։

Հիշելով 2020 թվականը, կարանտինային սահմանափակումները, պատերազմական շրջանը՝ Դավիթն ասում է, որ ցանկացած բարդ իրավիճակ նոր ելքեր է առաջ քաշում և բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ստեղծագործել, փնտրում են ուղիներ։
«Որպես օրինակ, կարող եմ դարձյալ բերել Կամերայինը, որը շատ սեղմ ժամկետներում ստեղծեց իր բացօթյա բեմը։ Իսկ պատերազմի ժամանակ այն վերածվեց ամենաիսկական շտաբի։ Համավարակի պայմաններում անցկացվեց «Armmono» միջազգային փառատոնը, որին ես մասնակցեցի «Անտեսանելին» մոնոներկայացմամբ, «Дом Москвы»- ի բացօթյա տանիքում՝ սաստիկ քամու առկայությամբ։ Ինչ վերաբերում է պատերազմական շրջանին, ապա չեմ վախենա ասել, որ հասարակության մեծամասնությունը թողել էր իր հիմնական մասնագիտությունը և լծվել հայրենիքին սատար կանգնելու գործին՝ թե՛ ռազմի դաշտում, թե՛ թիկունքում։ Հետո եղավ այն, ինչ եղավ…
Ժամանակ էր պետք այդ ամենը «մարսելու» համար։ Կարծում եմ չկա մի ընտանիք, որը կորուստ չի ունեցել։ Ինձ համար առ այսօր շատ դժվար է, որովհետև ունեմ ընկերներ, որոնց մասին դեռևս որևէ լուր չունենք։ Ճիշտ ասած, չեմ կարողանում այս թեմայով ավելին ասել… ուղղակի խոնարհումս բոլոր մեր տղաներին, պիտի արժանի լինենք նրանց, ու փորձենք ապրել նաև նրանց կիսատ թողած կյանքը…»,-
ասում է նա։

Դերասաններից Սարգիս Շողունցը իր հերթին պատմում է, թե ինչպես ստացավ Դավիթից «Հայն ու Հայը» ներկայացման մեջ խաղալու առաջարկն ու նշում է՝ ինչ փոփոխություններ կատարվեցին սցենարում պատերազմից հետո։

«Առաջարկը եղել է Դավիթի կողմից 2020 թվականին։ Երբ նա արդեն ինչ-որ բաներ սկսել էր գրել, ինձ կանչեց, որպեսզի ես սկսեմ լսել իր գրածը, և երբ ինքը կարդաց այդ ամենը՝ իր մանկության, դպրոցի մասին, զգացի որ շատ բան զուգադիպեց իմ կյանքի պատմության հետ։
Սկսեցինք համատեղ գրել։ Ամբողջ ներկայացումը մեր մասին է՝ վավերագրական է։ Բայց լինելով մեր մասին՝ այն բոլորի մասին է, հայի մասին է, շատերն իրենց կգտնեն այդ ներկայացման մեջ։ Ներկայացումը հայի առանձնահատկությունների, ծայրահեղ տեսակի ու նաև թերությունների մասին է, որոնք շրջանցել չէր կարելի։
Վերջին շրջանում շատ բան փոխեցինք, որովհետև պատերազմից հետո թեմաներ կային, որոնց մասին ուղղակի պետք չէր խոսել։ Ինչպես նաև ավարտը փոխեցինք, որտեղ խոսում ենք պատերազմի ու հետպատերազմյան վիճակի մասին»
,-ասում է Սարգիսը։

Դերասանը նաև նշում է, որ ապագայում Դավիթի հետ ունեն ևս մի ծրագիր, որը հարցականի տակ է, որովհետև ինքը պետք է մեկնի ծառայության․«Կարծում եմ, որ այդ ընթացքը ես պետք է օգտագործեմ և՛ կարոտով լցվելու, և՛ նաև հետաքրքիր գաղափարներով լցվելու համար, որովհետև վերադառնալուն պես շատ նպատակներ ու գաղափարներ ունեմ, որոնք պետք է իրականացնեմ»։

Սարգիսը խոստովանում է, որ փոխված է նաև ներկայացման գլխավոր ուղերձը․ «Հիմա դատարկություն է տիրում մեր կյանքում, բայց մենք պարտավոր ենք ապրելու և դրա ձևը մեկն է՝ իրար սիրել, իրար հարգել, դուրս գալ ֆեյսբուքյան տիրույթից, ատելության մթնոլորտից ու հայրենիքը ամեն ինչից վեր դասել։ Մենք լինենք միջոց հայրենիքի համար, այլ ոչ թե հայրենիքը դարձնենք միջոց ինչ-որ բան անելու համար»։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան