Արա Գևորգյանը շահել է դատը, իսկ Ադրբեջանի դեսպանը ներողություն է խնդրել

Վերջապես ավարտվել է ադրբեջանցիների կողմից հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության հեղինակության մասին հորինված վեճը: Ադրբեջանի մշակույթի նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ ստեղծագործության հեղինակությունն իրեն վերագրող Ֆիկրատ Ամիրովը ոչ մի կապ չունի հայկական երաժշտության հետ:

Armlur.am-ի հետ զրույցում կոմպոզիտորը պատմել է, որ Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Բյուլբյուլօղլուն դեռ 2007 թվականին է ներողություն խնդրել իրենից այն ժամանակվա մշակույթի նախարարի միջոցով։

«Ճիշտն ասած, այդ ամեն ինչը սկսվել է դեռ 2007 թվականին։ Ադրբեջանը հաշվի չառավ, որ երկու Օլիմպիական խաղերում արդեն հնչել էր իմ երաժշտությունը և որպես հեղինակ հայտարարվել էր իմ անունը։ Նրանք երգը վերցրին, համարեցին իրենցը և արդյունքում ընկան թյուրիմացության մեջ։ Ես էլ սկսեցի պայքարել, նույնիսկ վերջերս ֆիլմ ներկայացրի, որում ապացուցում եմ, որ այդ երաժշտությունը ես եմ գրել։ Ես նույնիսկ թարգմանել եմ տվել ադրբեջաներենով, որ նրանց ևս հասու լինի, և բարեբախռաբար այն տեղ է հասել։ Նույնիսկ ես գտա ադրբեջանական մամուլի էջերից մի հոդված, որում լրագրողը հարց է ուղղում Ֆիկրատ Ամիրովը որդուն, որին ի պատասխան նա հայտնում է, որ իր հայրը չի գրել այդ ստեղծագործությունը։ Եվ երևի ֆիլմն իր արդյունքն ունեցավ, չնայած որ մենք սկսել էինք հայց ընդդեմ Ադրբեջանի»,- պատմում է Արա Գևորգյանը։

Նշենք նաև, որ կոմպոզիտորը հավելեց, որ մեր մշակույթի նախարարությունը ոչնչով չի աջակցել, նույնիսկ չի էլ խառնվել։ «Միայն կարող եմ ասել, որ ժամանակին Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ինձ փոխանցեց, որ Ադրբեջանի դեսպանը ներողություն է խնդրել, որ այսպիսի թյուրիմացություն է տեղի ունեցել»,- հավելեց Գևորգյանը։