Ինչպե՞ս են երկու տարբեր ազգերի ներկայացուցիչներ կարողանում ընտանիք կազմել․ կայացավ «Չինացին էլ կարող է հայ լինել» ներկայացման պրեմիերան

Միայն սերը կարող է վերացնել տաբեր ազգերին միմյանցից բաժանող անտեսանելի, բայց զգայուն էթնիկ գիծը։
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում փետրվարի 19-ին տեղի ունեցավ «Չինացին էլ կարող է հայ լինել» ներկայացման պրեմիերան, որի գլխավոր դերակատար Հասմիկ Վերդյանը Showbiz.am կայքի հետ զրույցում պատմում է իր դերի, ներկայացման ուղերձի մասին, ինչպես նաև անկեղծանում է՝ կիսվելով, թե արդյոք ինքը երբևէ կսիրահարվե՞ր օտարերկրացու, ինչպես իր հերոսուհին։

Դերասանուհին նշում է, որ ներկայացումը պատրաստ էր դեռ նախորդ տարվանից, սակայն կորոնավիրուսի հետ կապված այն անդադար հետաձգվում էր․ վերջապես, եկավ առաջնախաղի օրը։

«Ես կատարում եմ իրավաբանի՝ չինացու սիրելիի դերը։ Հայ-չինական հարաբերություններն ենք ներկայացնում, որ չինացին էլ կարող է հայ լինել, կարող է գալ, ծանոթանալ մշակույթին ու սիրել այն ամենը, ինչ սիրում է իր ընտրյալը»,- պատմում է Հասմիկն ու հավելում,- «Ներկայացման վերջում իմ հերոսը հասկանում է, թե որքան թանկ բան է հայրենիքը, հասկանում է, որ այն միայն լավ օրվա համար չէ, և ծնողները ճիշտ էին, երբ հորդորում էին նրան վերադառնալ Հայաստան։

Ներկայացումը հայ-չինական հարաբերությունների մասին է, թե ինչպես են երկու տարբեր ազգերի ներկայացուցիչներ կարողանում ընտանիք կազմել»։

Դերասանուհին կիսվում է, որ փորձերի ընթացքում դերի հետ կապված բավականին շատ դժվարություններ են եղել։
«Ընթացքում բարդություններ շատ են եղել կերպարը այդքան էլ բարդ չէր, բայց երևի այդ պարզության մեջ ավելի բարդ բաներ կային»,-ասում է նա։

Հասմիկը նաև անկեղծանում է՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ինքն էլ կվարվեր իր հերոսուհու նման ու կամունանար օտաերկրացու հետ։

«Ինձ թվում է, որ կոնկրետ իմ պարագայում ավելի հեշտ կլիներ այլազգիի հետ ամուսնանալը, որովհետև հայ տղամարդկանց մենթալիտետում բաներ կան, որոնք ինձ դուր չեն գալիս։
Կարծում եմ օտարազգի  տղամարդն ավելի զգացմունքային է, կարևորում ու մեծարում է կնոջը, ավելի ճիշտ մոտեցում է  ցուցաբերում, քան հայ տղամարդը, քանզի մեզ մոտ կնոջ դերն ավելի պասիվ և ենթարկվող է։ Գտնում եմ, որ հարաբերությունները պետք լինեն հավասար, ընկերական, հարգանքով լի, տղամարդը պետք է պարտադիր շատ սիրի իր կնոջը։
Դրսի տղամարդկանց մեջ այդ ամենն ավելի շատ է երևում»,-
բացատրում է նա։


Խոսելով ապագա ծրագրերից՝ Հասմիկը նշում է, որ թատրոնում կան ծրագրեր, սակայն դրանք դեռ աշխատանքային փուլում են, այդ իսկ պատճառով չի ցանկանում դեռ փակագծերը բացել։

Դերասանուհին նաև բացատրում է, թե ինչու հեռուստանախագծերում այս պահին զբաղվածություն չունի․
«Հեռուստաընկերության հետ կապված ծրագրեր չկան, որովհետև հիասթափություն ունեմ՝ կապված ընդհանուր իրավիճակի, առաջարկների, ընդհանուր որակի, բովանդակության հետ ու ծանոթ բարեկամի հետ կապված։
Ինձ համար թիմային աշխատանքն է կարևոր»
,-եզրափակում է իր խոսքը Վերդյանը։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան