Դրյու Բերիմորը հայտնել է, որ ոչ մի դեպքում կոսմետիկ վիրահատության չի դիմի (տեսանյութ)

Ամերիկացի դերասանուհի Դրյու Բերիմորն իր «Դրյու Բերիմոր շոու»-ի ժամանակ հայտնել է, որ երբեք կոսմետիկ վիրահատությունների չի դիմել։

«Ես երբեք ոչինչ չեմ արել դեմքիս վրա և կփորձեմ մինչև վերջ չանել»,- խոստովանել է դերասանուհին։

Բերիմորը պատմել է, որ տարիներ շարունակ խուսափել է շոու բիզնեսի ճնշումներից և կոսմետիկ վիրահատության չի դիմել, ինչը համարում է «Հոլիվուդի դեմ ապստամբություն»։

«Ես անհնազանդ մարդ եմ և, տեսնելով՝ ինչպես են այդ կանայք իրենց տանջանքների ենթարկում, հասկացա, որ նրանք դժբախտ մարդիկ են»,- նշել է դերասանուհին։

Նա ընդգծել է, որ չի քննադատում կոսմետիկ վիրահատությունների դիմած և դիմել ցանկացող կանանց, պարզապես «կցանկանար, որ մարդիկ բնական կերպով ծերանային»։

«Մենք ծերանալու ենք և դա բնական է։ Դա կյանքի մի մասն է»,- հավելել է Բերիմորը։