Դուբայի թագավորական ընտանիքը մեկնաբանել է արքայադստեր սկանդալային հայտարարությունը

Վերջերս Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամեդ բին Ռաշիդ ալ Մաքթումի դուստրը` արքայադուստր Լատիֆան, գաղտնի տեսանյութ էր նկարահանել՝ հայտնելով, որ հայրը «բանտարկել է իրեն և որպես պատանդ է պահում»։

Տեսանյութի հրապարակումից հետո արաբական պետության թագավորական ընտանիքը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որում ասվում է․« Ի պատասխան արքայադուստր Լատիֆայի մասին ԶԼՄ-ների հաղորդագրություններին, մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր անհանգստություն են հայտնել նրա բարեկեցության համար, չնայած այն տեսանյութին, որը իհարկե, չի արտացոլում իրերի իրական վիճակը: Նրա ընտանիքը հաստատում է, որ իր աղջկա մասին հոգ են տանում տանը, որ ընտանիքն աջակցում է նրան, և որ բուժանձնակազմը պատշաճ կերպով հոգ է տանում նրա մասին: Նրա վիճակը լավանում է, և հուսով ենք, որ նա ճիշտ ժամանակին կվերադառնա իր բնականոն կյանքին»։

Լատիֆայի տեսանյութի հրապարակումից հետո, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գործակալությունը Արաբական Միացյալ Էմիրություններին խնդրեց ապացույցներ ներկայացնել, որ արքայադուստրը դեռ կենդանի է: Այնուամենայնիվ, թագավորական ընտանիքը չի տրամադրել որևէ տեսանյութ կամ լուսանկար, որոնք կարող են ապացույց լինել, որ արքայադուստրն իսկապես լավ է: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ասաց, որ ինքը կքննի այս գործը: