Ռուսական երգի ու պարի անսամբլը համերգային ծրագրով հանդես կգա ԼՂ–ում

Հայրենիքի պաշտպանի օրվան ընդառաջ հատուկ նշանակության Հրթիռային զորքերի կազմում ընդգրկված «Կրասնայա զվեզդա» երգի ու պարի անսամբլն ավելի քան 10 համերգներ կտա Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների համար: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Անսամբլը շաբաթվա ընթացքում Մշակույթի տանը հանդես կգա մեծ համերգային ծրագրով՝ նախատեսված դիտակետերում հերթապահություն իրականացնող զինվորականների, ինչպես նաև տեղի բնակչության համար:

Ինչպես նշվում է, համերգային ծրագրում ավանդական համարներից բացի կներառվեն նաև ռազմահայրենասիրական ուղղվածության համաշխարհային դասական ստեղծագործություններ, ռուսական և այլ ազգային երգերի մշակումներ, բեմադրություններ, ինչպես նաև տարբեր երգեր ու պարեր:

Հիշեցնենք, որ նախօրեին Լեռնային Ղարաբաղում ավարտվել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը: