Քեյթ Ուինսլեթը պատմել է քաշի պատճառով իր հանդեպ ԶԼՄ-ների դաժան վերաբերմունքի մասին

Բրիտանացի հայտնի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը The Guardian պարբերականին տված հարցազրույցում հայտնել է, որ երիտասարդ տարիներին իր քաշի վերաբերյալ հրապարակային քննադատություններն իրեն ստիպել են մշտապես մտածել ավելորդ քաշի և դրա վերաբերյալ հարցերից «պաշտպանվելու» մասին։

«Երբ երիտասարդ էի, մարդիկ շատ էին խոսում իմ քաշի մասին։ Հետո լրագրողները խնդրում էին մեկնաբանել իմ տեսքը»,- ասել է դերասանուհին՝ նշելով, որ հարցազրույցների ժամանակ միշտ փորձել է «պաշտպանվել» այդ քննադատություններից։

«Տիտանիկ» ֆիլմի աստղը պարբերականին պատմել է, որ վերջերս վերընթերցել է իր քաշի մասին գրված հոդվածներից մի քանիսը՝ հավելելով, որ «զարմացած էր, թե իր հանդեպ որքան դաժան են եղել ԶԼՄ-ները»։

«Այն, թե որքան քննադատաբար էին վերաբերվում ինձ, գրեթե ծիծաղելի էր, ապշեցուցիչ և դաժան»,- հավելել է դերասանուհին։

Ուինսլեթը նաև խոստովանել է, որ ցավում է սեռական ոտնձգությունների համար մեղադրվող ռեժիսորներ Վուդի Ալենի և Ռոման Պոլանսկիի ֆիլմերում նկարահանվելու համար։

«Ես հասկացա, որ նրանց հետ աշխատելն ինձ համար թանկ արժեցավ։ Ես չպետք է աշխատեի Վուդիի կամ Պոլանսկիի հետ»,- ասել է դերասանուհին՝ խոստովանելով, որ սխալ որոշում կայացնելու մեղավորությունն ամբողջ կյանքում կտանջի իրեն։