«Երևի այլևս երբեք չեմ կարողանա անել դա»․ Քեյթ Ուինսլեթը` «Ավատար 2»-ի նկարահանումների ամենաբարդ հատվածի մասին

Հոլիվուդյան դերասանուհի Քեյթ Ուինսլեթը խոստովանել է, որ կարծում էր, թե մահացել է այն բանից հետո, երբ «Ավատար 2» ֆիլմի նկարահանումների ընթացքում 7 րոպե անընդմեջ անցկացրել է ջրի տակ, հայտնում է Daily Mail պարբերականը։
Հայտնի դերասանուհին, որը լեգենդար «Տիտանիկ» ֆիլմի ստեղծումից 20 տարի անց «Ավատար 2» ֆիլմի շրջանակում կրկին համագործակցում է օսկարակիր ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի հետ, հայտնել է, որ ֆիլմում խաղում է Ռոնալ անունով հերոսի կերպարը։

Նա նշել է, որ ջրի տակ լինելը հաճելի էր՝ հակառակ նրան, որ գիտեր՝ անկախ սուզվելու դասընթացներից, դա վտանգավոր է լինելու։ Observer Magazine-ին տված հարցազրույցի ընթացքում Քեյթն ասել է. «Աստված իմ, դա պարզապես հիանալի է: Ձեր միտքն ամբողջովին շեղվում է։ Դուք ոչնչի մասին չեք կարող մտածել, չեք կարող ձեր գլխում ցուցակներ կազմել, դուք պարզապես նայում եք ձեր տակ եղած փուչիկներին … իմ առաջին բառերը երբ ես դուրս եկա ջրից հետևյալն էին. Ես մտածեցի, որ մահացել եմ»:

Քեյթը հավելել է, որ դերի համար սուզվել է սովորել իր ամուսնու՝ Նեդ Ռոքնրոլի օգնությամբ: Նա նշել է, որ ցանկացել է կարճ ժամանակում լավ արդյունք ցուցաբերել՝ «Ավատար 2» ֆիլմի նկարահանումների համար և նրա լավագույն արդյունքը եղել է 7 րոպե 14 վարկյանը և հավելել․ «Չէի սպասում, որ կգերազանցեմ Թոմ Քրուզի ցուցադրած արդյունքը»:
Վերջինս ֆիլմերից մեկի նկարահանումների ժամանակ ջրի տակ է մնացել 6 րոպե։
«Դա հրաշալի էր, և ես շատ հպարտ էի ինձնով, բայց երևի այլևս երբեք չեմ կարողանա անել դա: Դա տեղի է ունեցել չորս շաբաթ տևողությամբ բավականին ինտենսիվ մարզման արդյունքում», – եզրափակել է դերասանուհին:

Նշենք, որ անցյալ ամիս լեգենդար կինոռեժիսոր Ջեյմս Քեմերոնը հայտնել էր, որ կորոնավիրուսի պատճաով հետաձգվել են «Ավատար» ֆիլմի հաջորդ մասերի թողարկման ամսաթվերը։