«Շատ էի լարվում նրա հետ աշխատելիս»․ Սոֆի Լորենը պատմել է Չառլի Չապլինի մասին

Համաշխարհային ճանաչում ունեցող իտալացի դերասանուհի Սոֆի Լորենը The Wrap ամսագրին տված հարցազույցում խոսել է Հոլիվուդում իր կարիերայի մասին և վերհիշել անգլիացի նշանավոր կատակերգու Չառլի Չապլինի հետ աշխատանքը։

86-ամյա դերասանուհին, խոսելով Չապլինի հետ աշխատանքի մասին, ասել է․ «Ես շատ էի լարվում նրա հետ աշխատելիս։ Նա իր գործի վարպետն էր։ Բայց նկարահանման առաջին իսկ օրը հասկացա, որ նա նույնպես լավում է։ Երբ սիրում և պատասխանատվությամբ ես վերաբերվում գործիդ, սկսում ես լարվել։ Ես կասկածանքով եմ վերաբերվում այն մարդկանց, որոնք երբեք չեն լարվում»։

Իտալացի դերասանուհին նաև պատմել է, որ անգլալեզու ֆիլմում առաջին դերերից մեկը կերտել է 1957 թվականին նկարահանված «Կորուսյալների լեգենդ» ֆիլմում, որտեղ նկարահանվել է նաև ամերիկացի հայտնի դերասան Ջոն Ուեյնը:

«Իմ անգլերենն այնքան էլ լավ չէր, թիմում երբեմն ծիծաղում էին վրաս, բայց Ջոն Ուեյնը միշտ պաշտպանում էր ինձ»,- նշել է դերասանուհին։

Այսօր էլ դերասանուհին շարունակում է հանդես գալ ֆիլմերում։ 2020-ին նա նկարահանվել է «Կյանքը առջևում է» ֆիլմում, որի ռեժիսորը նրա որդին է։

«Մանկուց ուզում էի դերասանուհի դառնալ։ Ես ուզում էի աշխատել, ուզում էի էկրանին հայտնվել»,- հավելել է դերասանուհին՝ խոստովանելով, որ չի մտահոգվում, որ «իր մասին կարող են մոռանալ»։

«Այդ մասին դեռ վաղ է մտածել։ Ես դեռ ողջ եմ։ Ես լի եմ կենսուրախությամբ։ Ես լի եմ գաղափարներով, որոնք ցանկանում եմ իրագործել։ Դեռ վաղ է դրա մասին մտածել. ո՛չ, ո՛չ, դեռ շա՜տ վաղ է»,- հավելել է դերասանուհին։