Հունաստանը պահանջում է Սուրբ Սոֆիա տաճարին վերադարձնել թանգարանի նախկին կարգավիճակը

Հունաստանը մի շարք միջազգային կազմակերպությունների հետ միասին Թուրքիային խնդրել է Բյուզանդական ճարտարապետական ​​հուշարձան հանդիսացող Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարին վերադարձնել թանգարանի նախկին կարգավիճակը, որը Անկարայի ջանքերով վերածվել է մզկիթի: Այս մասին հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի բարձր մակարդակի սեգմենտում, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Նիստը ուղիղ հեռարձակել է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը:

Դենդիասի խոսքով՝ Հունաստանի համար հատկապես կարևոր է մշակութային իրավունքների լիարժեք իրացման և մշակութային ժառանգության պահպանման հարցը:

«Բոլոր պետությունները պարտավոր են, անկախ իրենց քաղաքական, տնտեսական, մշակութային համակարգերից, զերծ մնալ մշակութային հուշարձանների կարգավիճակի փոփոխությունից: Ես նկատի ունեմ, մասնավորապես, Սուրբ Սոֆիայի հուշարձանի վերածումը մզկիթի, որը հակասում է մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքի ցանկացած հասկացությանը: Մենք և բոլոր մյուս հաստատություններն ու միջազգային կազմակերպությունները խնդրում ենք վերադարձնել հուշարձանի նախկին կարգավիճակը»,- շեշտել է Հունաստանի ԱԳՆ ղեկավարը: