Աշխատածս գումարն ինձ բավարարեց նաև կորոնավիրուսի շրջանում․ Նարեկ Սարգսյանը՝ նոր երգերի և ստեղծագործական բարդ ընթացքի մասին

Երգիչ Նարեկ Սարգսյանը երգարվեստում իր ճանապարհը սկսել է այն ժամանակ ոչ այնքան հայտնի mashup-ների միջոցով, որոնք այնուհետև մեծ տարածում են գտել՝ յութուբյան հարթակում ունենալով մի քանի միլիոն դիտում։ Երգիչը սակայն միայն դրանով չի սահմանափակվել և որոշ ժամանակ անց ներկայացրել է նաև իր համար ստեղծված երգերն ու տեսահոլովակները։

ShowBiz.am-ի հետ զրույցում երգիչը խոսել է ստեղծագործական բարդ ընթացքի, նախորդ տարվա դժվարին շրջափուլի, գումարային խնդիրների, ինչպես նաև նոր աշխատանքների մասին։

Նարեկ Սարգսյանը երգարվեստում նկատելի քայլեր սկսել է անել 2017 թվականից։ «Ես և Ջուլիան սկսեցինք համատեղ mashup-ներ տեղադրել Յութուբում, որոնք անհավանական հաջողություններ ունեցան։ Mashup ոճը մինչ այդ Հայաստանում գրեթե տարածում չուներ, և ես վստահաբար կարող եմ ասել, որ այն հենց մեր շնորհիվ ընդարձակվեց և այդքան սիրվեց։ Հիմա շատ շատերն են իրենց երգերը ներկայացնում այդ տարբերակով։ Սակայն միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ ես ինքս mashup-ներ արդեն չեմ անում»,- պատմում է Նարեկը։

Արդեն 2018 թվականին Նարեկ Սարգսյանը հանդիսատեսի դատին հանձնեց իր առաջին տեսահոլովակը․ «Հոլովակի ռեժիսորը եղել է Ժոր Մելոյանը։ Քանզի այն իմ առաջին տեսահոլովակն էր, փորձել ենք այնպես անել, որ ամեն բան իդեալական ստացվեր, քանի որ դա իրոք շատ պատասխանատու քայլ էր ինձ համար։ Իսկ այս պահի դրությամբ ունեմ արդեն 14 տեսահոլովակ»։

Նարեկը երաժշտությամբ վաղուց է սկսել զբաղվել․ ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջը, որից անմիջապես հետո սովորել է նաև Երևանի պետական կոնսերվատորիայում։ Այժմ էլ աշխատում է իր մասնագիտությամբ։

Խոսելով երգչի կարիերայի և այդ ճանապարհին առաջացած դժվարությունների մասին՝ Նարեկը պատմում է․ «Իրականում այս ընթացքը բավականին դժվարին ու բարդ է եղել։ Պահ է եկել, երբ հիասթափվել եմ, այլևս չեմ ուզել շարունակել, մտածել՝ բա ինձ պե՞տք էր, որ ներքաշվեցի այս ամենի մեջ։ Սակայն դրանք զուտ ինչ-որ պահ են տևում։ Մի անգամ երգահան Ռիչարդ Մադլենյանն ինձ ասաց, որ երգարվեստում կլինեն թե՛ հաջողություններ, թե՛ անկումներ, և շատ մարդիկ, հիասթափվելով այդ անկումներից, կթողնեն այս ոլորտը, սակայն եթե ցանկանում ես լուրջ հաջողությունների հասնել և անուն ձեռք բերել, պետք է այդ անկումները որպես փորձ ընդունես և միայն առաջ շարժվես»։

Օրերս երգիչը հանրությանը ներկայացրեց իր նոր աշխատանքը․ «Կյանքի կտոր ա» նոր երգի և երաժշտության հեղինակը Արման Անտոնյանն է․ «Առհասարակ վերջին շրջանում իրենց հետ եմ համագործակցում։ Երգի գործիքավորումն արել է Արտ Ավետիսյանը։ Մեր նոր աշխատանքը զուգերգ է, որը կատարում եմ Ջուլիայի հետ (հեղ․ վերոնշյալ Ջուլիայի հետ կապ չունի)։ Մենք ծանոթացել ենք կորպորատիվներից մեկի ժամանակ և այդպես որոշել համատեղ երգ ներկայացնել»։

Անդրադառնալով 2020 թվականի, մեղմ ասած, ոչ այնքան հաճելի ընթացքին, որը հարուստ էր ոչ միայն հոգեբանական, այլև ֆինանասկան բարդություններով՝ երգիչը պատմում է․ «Մինչ այդ իմ աշխատած գումարն ինձ բավարարեց նաև կորոնավիրուսային համաճարակի և պատերազմական բարդ ընթացքի շրջանում ևս։ Բացի այդ ես զուգահեռ նաև այլ գործեր էլ ունեի, որն ինձ թույլ տվեց այդ ժամանակաշրջանը գոնե գումարային առումով հաղթահարել»։

Նարեկն իր ժամանակի հիմանական մասը ծախսում է հենց երաժշտության վրա, սակայն ազատ ժամանակ սիրում է նաև սեղանի թենիսով՝ պինգ պոնգով, ևս զբաղվել։ Չէ՞ որ սպորտն ու առողջ ապրելակերպն օգնում են ավելի արագ կենտրոնանալ, լինել պարտաճանաչ և միշտ լավ մարզավիճակում, ինչպես նաև ապահովում են բարձր տրամադրությունը։

Հավելենք նաև, որ փետրվարի 24-ին մեկնարակել են Նարեկ Սարգսյանի նոր երգի նկարահանման աշխատանքները։ Այս ստեղծագործությունը ևս կներկայացվի դուետի տեսքով։ Ըստ երգչի՝ ամենայն հավանականությամբ, ամսվա վերջին կլինի նաև այս երգի պրեմիերան։ Երգը կոչվում է «Համբերի»։

Նյութը՝ Լուս Ավագյանի