Պենելոպա Կրուսը զարդարել է Marie Claire ամսագրի շապիկը (լուսանկարներ)

Դերասանուհի Պենելոպա Կրուսը հայտնվել է Marie Claire Greece ամսագրի մարտ ամսվա շապիկին, հայտնում է Greek City Times–ը։ Դերասանուհին խոսել է այն մասին, թե ինչպես է արգելափակումը նրան հնարավորություն տվել «ավելի շատ խորհել» և «էլ ավելի շատ ժամանակ անցկացնել իր երեխաների համար առողջ սնունդ պատրաստելով»:

Իսպանիայում բնակվող 46-ամյա դերասանուհին լուսանկարում արձակված երկար մազերով և սպիտակ վերնաշապիկով է:

Ամսագրին տված հարցազրույցի ընթացքում նա նշել է, որ ինքն ու ամուսինը՝ Խավիեր Բարդեմը, թույլ չեն տալիս իրենց դերասանական կարիերան գերակշռի ընտանեկան կյանքում: Հոլիվուդյան աստղերն ամուսնացած են 2010 թվականից և ունեն  2 զավակ՝ 10-ամյա Լեոն և 7-ամյա Լունան:

«Ցանկացած զույգի պես, մենք խոսում ենք մեր աշխատանքի և, համապատասխանաբար, մեր հերոսների, այս կամ այն տեսարանի մասին», – ասել է նա և հավելել, – «Երբեմն մենք գաղափարներ ենք փոխանակում, սակայն, երբ խոսքը վերաբերում է ընդհանուր առմամբ մեր աշխատանքին, մենք փորձում ենք այն թողնել տան դռնից դուրս»:

Իսպանացի դերասանուհին նաև նշել է, որ փորձում է շատ չկենտրոնանալ իրեն գովերգող խոսքերի վրա և երբեք չի նայում իր մասին բացասական մեկնաբանությունները․«Ինչ վերաբերում է բացասական մեկնաբանություններին, ես ոչինչ չգիտեմ, քանի որ երբեք չեմ տեսնում, թե ինչ կա Google-ում: Դա իսկապես շատ վատ սովորություն կլիներ իմ հոգեկան առողջության համար: Ես արդարացիորեն մտահոգված եմ իմ ընտանիքի և ընկերների կարծիքի համար»:

Դերասանուհին նշել է, որ շնորհակալ է այն մարդկանց, որոնք սիրում են իր ֆիլմերը և գրում են իրեն, ավելին` առավելագույնս փորձում է պատասխանել նամակներին: