Մտերիմ մարդու գերության մեջ գտնվելու և ցավը հաղթահարել չկարողանալու մասին․ Մանե Տոնոյան

Adana Project ռոք խմբի և «Հայ համերգ Project» նախագծի մասնակիցներից Մանե Տոնոյանն առաջին անգամ հանդես է եկել անհատական գործով՝ ներկայացնելով իր տեսահոլովակը՝ նկարահանված «Վեր կաց, եղբայր իմ» երգի հիման վրա։
Showbiz.am -ի հետ զրույցում Մանեն նշում է, որ շարունակում է իր աշխատանքը խմբերի հետ, սակայն արդեն որոշել է փոքր-փոքր քայլերով սկսել անհատական կարիերան։

«Խմբերը երբեք չեն խանգարել իմ անհատական կարիերային, և երկու նախագծերն էլ տեղյակ են, որ երբ ժամանակը գա, կսկսեմ իմ անհատականը։ Դուրս չեմ եկել այդ խմբերից։ Մարտի 5-ին Adana Project խումբը համերգ կունենա, իսկ «Հայ համերգ Project» -ով նկարահանումներ ենք սկսել, ու շուտով կտեսնեք, թե ինչ անակնկալ ենք պատրաստել։
Երկու խմբերում էլ կամ, գործում եմ, ուղղակի որոշել եմ կամաց-կամաց սկսել անհատական կարիերան։ Չգիտեմ՝ հետագան ինչպես կլինի»,-
մանրամասնում է Մանեն։

Մանեն նշում է, որ այդ երգը որոշել է ձայնագրել պատերազմի ժամանակ, երբ հոգեպես սարսափելի ծանր վիճակում էր գտնվում ու այլևս ելք չէր տեսնում այդ ամենը հաղթահարելու համար։

«Այս երգը միշտ եմ սիրել ու միշտ ցանկացել եմ երգել, բայց չէի ցանկանա, որ այդ վիճակում երգեի․․․
Երգը ձայնագրել եմ, երբ պատերազմ էր, երբ մենք կյանքի ու մահվան պայքար էինք տալիս։
Այդ ժամանակ փորձեցի իմ միջից ինչ-որ կերպ հանել այդ ցավը, որովհետև հասկանում էի, որ ես գնալով վատանում եմ ու չեմ կարողանում ինձ հավաքել, որքան էլ որ փորձում էի դա ցույց չտալ»,-
հիշում է Մանեն ու ցավով պատմում, որ մինչ օրս շատ մտերիմ մարդ ունի, ով գտնվում է գերության մեջ։

«Մինչև հիմա ունեմ մտերիմ, ով գտնվում է գերության մեջ։
Աստված գիտի, թե ինչ վիճակում է նա ու մեր մյուս տղաները, ովքեր գերության մեջ են։ Ամեն օր եմ աղոթում նրանց համար, չեմ դադարում Աստծուց խնդրել, որ բոլորը հետ գան գերությունից։ Դա ինձ համար ամենամեծ նվերը կլինի»,-
հուզմունքով նշում է Մանեն, ով այսօր՝ փետրվարի 26-ին, նշում է իր 24-ամյակը։

Երգչուհին կիսվում է, որ այս տարվա իր գլխավոր երազանքներից մեկն ապրելն է խաղաղ երկնքի տակ և երբեք կորուստներ չունենալը։
Ինչ վերաբերում է ծննդյան տոնին ու անակնկալներին, այս տարի դրանք չեն եղել, քանզի Մանեն դեռ չի հաղթահարել այն ցավն ու ընկճախտը, որը մնացել է պատերազմական շրջանից հետո։

«Իմ ծննդյան օրը միշտ լինում են անակնկալներ։ 24։00-ից հետո մայրիկս, քույրիկս ինձ միշտ անակնկալներ են մատուցել, բայց այս տարի խնդրել եմ, որպեսզի անակնկալներ չլինեն, որովհետև տրամադրություն չունեմ ծնունդս նշելու, ուղղակի ընտանիքիս անդամների հետ կնշենք։
Ինձ մոտ դեպրեսիվ շրջան է, դեռ չի անցել պատերազմից մնացած ցավն ու հետքերը, ինձ լիարժեք չեմ զգում, դրա համար տրամադրված չեմ ծննդյանս օրը նշելու»,
– բացատրում է նա։

Մանեն խոստովանում է, որ այս տարիների ընթացքում ինքը ձեռք է բերել շատ կարևոր հատկանիշ՝ համբերատարությունը։
«Իմ մեջ տարեց տարի ամեն ինչ փոխվում է․ հասունություն եմ ձեռք բերում, շատ բաներից դաս քաղելով՝ ուրիշ ձև եմ սկսում մտածել, ինչն ինձ վնաս է բերում, իմը չի՝ փորձում եմ ձերբազատվել։
Ամենակարևոր բանը, որը ձեռք եմ բերել համբերությունն է, ու դրա վրա կրկին աշխատում եմ, որ ավելի կատարելագործեմ»,-
ասում է նա ու հավելում, որ ինքն իերն մաղթում է նպատակասլացություն, համբերություն ու ամենաշատը ցանկանում է մտածել միայն առաջ գնալու և երբեք հետ չնայելու մասին։

Իսկ ինչ վերաբերում է իր ստացած նվերներին՝ դրանք բոլորը յուրահատուկ ու անգին են․ «Ինչպես ասում էր Մարկեսը՝ ես իրերը գնահատում եմ, ելնելով, ոչ թե նրանց գնից, այլ նշանակությունից։ Ու ես շարժվում եմ այդ ուսմունքով, եթե նվեր է, ուրեմն էլ չի կարող լինել չստացված։ Իմ բոլոր նվերները յուրահատուկ են, անկախ իրենց գնից, չափից, ձևից։ Եթե ինձ հարազատ ու թանկ մարդիկ են նվիրում, դրանք արդեն անգին են»։

 Մանեն նաև խոստովանում է, որ 5-10 տարի անց ինքն իրեն տեսնում է կայացած, հաջողակ մարդ, ով իր ուժերով հասել է այն կետին, որից ինքը հաճույք է ստնաում։
«Դա ես ոչ թե ցանկանում եմ, այլ այդպես էլ լինելու է»,-երզափակում է  իր խոսքը երգչուհին։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան