Մարտի 2-ին՝ ժամը 16:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Ջոտտոյի արվեստանոց թանգարանում կբացվի «Հայրենի ելևէջներ» խորագրով ցուցահանդես:
Այն նվիրված է Արցախյան 2-րդ պատերազմում անմահացած հերոսների հիշատակին: Ցուցահանդեսին կներկայացվեն զոհված լեյտենանտ Աշոտ Մաթևոսյանի որդու՝ Րաֆֆի Մաթևոսյանի ստեղծագործությունները: Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 10-ը: Րաֆֆի Աշոտի Մաթևոսյանը 9 տարեկան է:
Տաղանդավոր զավակի հայրը` լեյտենանտ Աշոտ Մաթևոսյանը պատերազմի լուրն առնելուն պես մեկնել է ռազմաճակատ, մեկ ամիս շարունակ քաջաբար մարտնչել ռազմաճակատի ամենաթեժ հատվածներում, փրկելով բազմաթիվ մարդկային կյանքեր և հոկտեմբերի 28-ին Արցախի Կարմիր շուկա կոչվող համայնքի տարածքում անմահացել է` դառնալով հավերժի ճամփորդ:
Այս պատերազմում անմահացած հերոսները նվիրաբերեցին իրենց կյանքը` պարգևելով խաղաղության իրավունք և պատգամելով մեզ ապրել ու ստեղծագործել: Հավերժ փառք և խոնարհում:
Հավատարիմ այդ պատգամին Րաֆֆին շարունակում է ստեղծագործել: