«8-րդ դասարան էի, Գոռը եկավ հայրիկիս հետ խոսելու»․ Գոռի և Հրանուշի երկրորդ հարսանիքը՝ ամուսնության 10-ամյակի առթիվ (ֆոտոշարք)

17 տարի միասին, որից 10 տարին ամուսնացած․ դերասան Գոռ Հակոբյանն ու Հրանուշ Մնոյանը երեկ տոնել են իրենց ամուսնության 10-ամյակը։ Օրվան ընդառաջ զույգն ընտանեկան ֆոտոշարք է անցել, որը տրամադրել են Tert.am Life-ին ու խոսել համատեղ կյանքի մասին։

Ֆոտոշարքի ժամանակ Գոռն անակնկալ է մատուցել սիրելիին՝ նրան կրկին հարսի զգեստ ու մատանի նվիրելով․ «Գոռը մեր հարսանիքի կնքահոր տղայի և նրա սիրելիի հետ պայմանավորվել էր, որ հարսի զգեստ բերեն ու կրկին հարսի կերպարով ներկայանամ։ Ի սկզբանե որոշել էինք, որ ֆոտոշարքի ժամանակ ամբողջությամբ սև հագուստով ենք լինելու, սակայն ծրագրերը փոխվեցին։ Հաճելի էր կրկին հարսի զգեստ հագնել։ Անբացատրելի զգացողություն էր, երբ ես հարսի զգեստով էի, իսկ շուրջս իմ 3 տղաներն էին։ Գոռն ինձ մատանի նվիրեց, նորից առաջարկություն արեց, ես էլ նորից համաձայնեցի իր կինը լինել։ Ստացվեց մեր որկրորդ հարսանիքն էր։ Կարծում եմ՝ 10, 20 տարի հետո էլ այդպես է լինելու»,- ասել է Հրանուշը կայքի հետ զրույցում, ապա հավելել, որ ժամանակին մեծ ու ուրախ հարսանիք են ունեցել, քանի որ 7 տարի ընկերություն անելուց հետո այն շատ սպասված իրադարձություն էր իրենց կյանքում։

Երբ Գոռն ու Հրանուշը սկսել են ընկերություն անել, Գոռը նոր էր ավարտել դպրոցը, առաջին կուրսի ուսանող էր, իսկ Հրանուշը դպրոցական էր, սովորում էր 8–րդ դասարանում։

«Երեկ Գոռի հետ ամփոփում էինք մեր համատեղ կյանքն ու փորձում հասկանալ՝ ինչպես ստացվեց, որ նա այդքան հավանեց 8–րդ դասարանում սովորող աղջկան ու եկավ հայրիկցս թույլտվություն ստանալու, որպեսզի հանդիպենք,– նշել է Հրանուշն ու հիշել, որ հայրը սկզբում դեմ է եղել,- հայրս ջղային սպասում էր նրան, բավականին ագրեսիվ էր տրամադրված, քանի որ փոքր էի, բայց Գոռի հետ շատ երկար զրույցից հետո վերաբերմունքը փոխվեց։ Նա շատ էր հավանել Գոռին ու թույլ տվեց հանդիպենք։ Այսպես էլ միասին մեծացանք։ Մեր ընտանեկան կյանքի ամրության հարցում շատ մեծ դեր ունեն երկուսիս ընտանիքները։ Մեր ծնողները միշտ մեր կողքին են եղել, օգնել իրենց խորհուրդներով, ցանկացած հարցով միշտ աջակցել են մեզ»։

Երիտասարդ զույգն արդեն 3 երեխա ունի՝ Վարդանը, Ֆելիքսն ու Ռիչարդը։ Շատ կանայք կենցաղային հոգսերի հետ դժգոհում են հոգսաշատ առօրյայից և հոգնածությունից, սակայն Հրուշը շեշտում է, որ հաճույք է ստանում այդ ամենից։

Իրենց ամուսնության օրը զույգը տոնել է տանը։ «Մեր ընկերները մեզ ուղեգիր էին նվիրել դեպի Ծաղկաձոր, որպեսզի մեր օրն այնտեղ նշենք, սակայն ծրագրերը փոխվեցին, ավելի շուտ գնացինք Ծաղկաձոր, մրսեցինք, վերադարձանք,- ժպիտով նշել է Հրանուշն ու հավելել, որ օրը տանն անցկացնելն ավելի հարմարավետ էր,-  քանի որ երեխաների հետ ժամանցի վայր գնալն ու երկար մնալն ավելի բարդ է, որոշեցինք տանը տոնել մեր օրը։ Մեզ հետ ամենահարազատ մարդիկ էին։ Շատ լավ օր ունեցանք»։