Ջորջ Քլունին և Ջուլիա Ռոբերթսը կրկին միասին կնկարահանվեն

ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, որ հոլիվուդյան դերասաններ Ջորջ Քլունին և Ջուլիա Ռոբերթսը կրկին միասին նկարահանվելու են: Այս մասին հայտնում է Deadline-ը, գրում է РИА Новости-ն:

Նշվում է, որ խոսքը «Ticket to paradise» («Տոմս դեպի դրախտ») ռոմանտիկ կատակերգության մասին է, որի վրա աշխատում է Օլ Փարքերը:

Ըստ պարբերականի տեղեկության՝ «Mamma Mia! 2» (2018) մյուզիքլը նկարահանած ռեժիսորը ֆիլմը կստեղծի Universal Pictures և Working Title Films կինոստուդիաների համար:

Սպասվում է, որ ֆիլմը պատրաստ կլինի արդեն այս տարի:

Քլունին և Ռոբերթսը նոր ֆիլմում մարմնավորելու են բաժանված ամուսինների: Հերոսները միասին ուղևորվում են Բալի կղզի, որ խանգարեն ընդհանուր դստերը ճակատագրական սխալ գործել, որն իրենց կարծիքով՝ իրենք կատարել են 25 տարի առաջ:

Ջուլիա Ռոբերթսը և Ջորջ Քլունին միասին նկարահանվել են Սթիվեն Սոդերբերգի «Օուշենի ընկերները» եռագրության մեջ, ինչպես նաև Ջոդի Ֆոսթերի «Ֆինանսական հրեշը» (2016) քրեական թրիլերում: