16-ամյա հայ պատանին ապշեցրել է «Ну-ка все вместе» նախագծի ժյուրիին․ տեսանյութ

Հայազգի տաղանդավոր երգիչ, 16-ամյա Գարիկ Զաբելյանը փայլուն ելույթ է ունեցել ռուսական հայտնի «Ну-ка все вместе» վոկալային շոուի ժամանակ։
Նա կատարել է աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի «Run to you» երգը։ Նրա ելույթն անչափ հավանել են ժյուրիի բոլոր անդամները։
Գարիկը նախատեսված 100-ից հավաքել է 100 միավոր` գրանցելով ամենաբարձր արդյունքը։

Նրա ելույթով հիացել են ռուսական էստրադայի ճանաչված աստղեր, այդ թվում` Ֆիլիպ Կիրկորովը, Սերգեյ Լազարևը, Նիկոլայ Բասկովը և այլք։ Սերգեյ Լազարևը Facebook-ի իր էջում նաև հրապարակել է Գարիկի ելույթն ու հայտնել իր հիացմունքը։
«16-ամյա Գարիկ Զաբելյանն իր ցնցող ձայնով իրենց տեղից բարձրացրեց ժյուրիի 100 անդամներին։ Նա փայլեց Ուիթնի Հյուսթոնի երգի անհավանական կատարմամբ»,–գրել է երգիչը։

Նրա խոսքով`շոուի այս եթերաշրջանն աներևակայելի տաղանդավոր մասնակիցներ ունի։
Լազարևը շեշտել է, որ ամենապայծառ, տաղանդավոր մասնակիցների ելույթները տեղ կգտնեն իր էջում։ Հավելենք, որ տեսանյութը մի քանի ժամում հավանել են ավելի քան 29000 օգտատերեր։ Իսկ շոուի Youtube–ի ալիքում տեսանյութը դիտվել է ավելի քան 34.000 անգամ։