Ժորա Սարգսյանի համերգով կտրվի behappy.technology-ի մեկնարկը

Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիայի նախագահ, Silk Note Festival-ի գեղարվեստական ղեկավար, կիթառահար, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանը մարտի 6-ին Behappy.Technology օնլայն համերգների հարթակում կներկայացնի Բախի, Ջուլիանիի, Սկարլատիի, Դյուպլեսիի, Պիացոլայի, Գիլարդինոյի գործերը։
Համերգը հեռարձակվելու է աննախադեպ և նոր հարթակի միջոցով, որի շնորհիվ տարբեր արտիստներ, խմբեր, անհատներ, կազմակերպություններ պարբերաբար հանրությանն են ներկայացնելու համերգներ, ինչպես նաև երաժշտական դասընթացներ, վարպետաց դասեր։

Հայ ուսանողների համար դասընթացներ կանցկացնեն եվրոպացի ճանաչված դասախոսները, իսկ տեղի մասնագետները հնարավորություն կստանան իրենց գիտելիքները փոխանցել արտերկրի ուսանողներին։ BeHappy.Technology մշակութային սոցիալական հարթակը հագեցած է նոր և յուրահատուկ տեխնոլոգիական գործիքակազմով։ Գրանցվելով այս հարթակում՝ մարդիկ կարող են ունկնդրել տարբեր առցանց միջոցառումներ, մասնակցել տարբեր առցանց դասերի, ինչպես նաև իրականացնել իրենց համերգների հեռարձակումը։
Հարթակը ներկայացնում է Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիան։ Ժորա Սարգսյանի համերգով նշանավորվում է հարթակի գործունեության մեկնարկը։