El Diablo. Կիպրոսի եկեղեցին երկրին կոչ է արել հրաժարվել «Եվրատեսիլ 2021»-ին մասնակցությունից (տեսանյութ)

Կիպրոսի եկեղեցին կոչ է արել երկրին հրաժարվել մասնակցել «Եվրատեսիլ 2021» երգի մրցույթին՝ հիմնավորելով, որ երգը, որով կներկայանա երկիրը, իրականում խթանում է սատանայի պաշտամունքը, գրում է CNN-ը։

Նշվում է՝ հույն երգչուհի Ելենա Ցագրինոուն մայիսին Ռոտերդամում կներկայացնի Կիպրոսը «El Diablo» (իսպաներից թարգմանաբար`սատանա,-խմբ.) փոփ ժանրի երգով: Նա համբավ էր ձեռք բերել դեռևս 2009-ին՝ հայտնվելով «Greece’s Got Talent» երաժշտական ծրագրի կիսաեզրափակչում, երբ ընդամենը 14 տարեկան էր։

Ըստ մրցույթի պաշտոնական կայքի՝ երգը «Սատանայի նման վատ մարդու սիրահարվելու մասին է»:

Ի պատասխան եկեղեցու մեղադրանքներին՝ Ցագրինոուն մանրամասնել է, որ «El Diablo»-ն ակնհայտորեն այլաբանական երգ է:

«Այն մի կնոջ պատմության մասին է, որը կարողացել է դուրս գալ թունավոր հարաբերություններից։ Երաժշտությունը միավորում է բոլորիս, այն մեզ չի բաժանում»,- շեշտել է նա ու նշել՝ իր թիմը «հավատարիմ է մնում նպատակին, այն է՝ երաժշտական մրցույթում արժանի ներկայացնել Կիպրոսը»:

Կիպրոսի հեռարձակման կորպորացիան ևս պատասխան հայտարարությամբ է հանդես եկել։ Ընկերության նախագահ Անդրեաս Ֆրանգոսը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, որ չնայած եկեղեցու կոչերին, իրենք չեն նախատեսում հրաժարվել մասնակցությունից։

Միևնույն ժամանակ, Կիպրոսի նախագահի մամուլի ծառայությունն էլ տարածած հաղորդագրությունում նշել է, որ «հարգում ենք Սուրբ Սինոդի և բոլոր այն մարդկանց կարծիքը, որոնք համաձայն չեն երգի վերնագրի հետ։  Այնուամենայնիվ, կառավարությունը լիովին հարգում է ստեղծագործական մտավոր և գեղարվեստական ազատությունը, որը չպետք է սխալ մեկնաբանվի կամ սահմանափակվի երգի վերնագրով»:

«Եվրատեսիլ» երգի մրցույթը, որը հեռարձակվում է 1956 թվականից, ըստ  Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի, աշխարհի ամենահին հեռուստատեսային երաժշտական մրցույթն է։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթը, որը նախատեսված է այս տարվա մայիսին Նիդեռլանդերի Ռոտերդամ քաղաքում, կանցկացվի որոշակի սահմանափակումներով՝ կորոնավիրուսային համավարակի ֆոնին:

Ըստ այդմ՝ «Եվրատեսիլ 2021»-ի` այլ երկրներից ժամանած հյուրերին խորհուրդ է տրվում ինքնամեկուսանալ Նիդեռլանդներ մեկնելուց հինգ օր առաջ, և թռիչքից առավելագույնը 72 ժամ առաջ վերջիններս պետք է ունենան COVID-19-ի բացասական թեստ:

Բացի այդ, մրցույթին մասնակցող յուրաքանչյուր պատվիրակության մասնակիցների թիվը կկրճատվի: «Եվրատեսիլ 2021»-ը լուսաբանող լրագրողների թիվը կսահմանափակվի 500-ով, և ևս հազար լրագրող կկարողանա լուսաբանել մրցույթը առանձին մամուլի կենտրոնից։