Մեկնարկում են «Ընկերները» սերիալի դերասանական կազմի մասնակցությամբ նոր նախագծի նկարահանումները

Ամերիկյան «Ընկերները» սերիալից հայտնի դերասան Դևիդ Շվիմերը հաղորդավար Էնդի Քոենին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ մեկ ամսից վերամիավորվելու է հայտնի սերիալի դերասանական կազմի հետ՝ նոր նախագծի նկարահանումները սկսելու համար։

Radio Andy ռադիոծրագրի ժամանակ հաղորդավարը հարցրել է՝ ի՞նչ նորություններ ունեն «Ընկերները» սերիալի անդամները և արդյո՞ք սկսվել են նոր նախագծի նկարահանումները։

«Իրականում, մոտ մեկ ամիսից մեկնում եմ Լոս Անջելես։ Մենք, ի վերջո, նկարահանումներ իրականացնելու անվտանգ տարբերակ ենք մշակել։ Հատվածներ կան, որ անվտանգության նկատառումներից ելնելով կնկարահանվեն բաց տարածությունում»,- ասել է դերասանը։

Մանհեթանից վեց երիտասարդ ընկերների մասին պատմող հեռուստասերիալը ցուցադրվել է ավելի քան 54 երկրում։ NBC հեռուստաընկերության կողմից սերիալը հեռարձակվել է 1994 թվականի սեպտեմբերից մինչև 2004 թվականի մայիս: Ընդհանուր առմամբ, նկարահանվել է 236 սերիա։

2020-ի փետրվարին հաղորդվել էր «Ընկերները» սերիալի կազմի վերամիավորման մասին՝ HBO Max-ի նոր նախագծում նկարահանվելու համար: Սերիալի շարունակության ռեժիսորն ու պրոդյուսերը կլինի Բեն Ուինսթոնը, որը կհամագործակցի օրիգինալ հեռուստաշոուի պրոդյուսերների հետ: Variety-ի աղբյուրի տվյալներով՝ բոլոր վեց հիմնական դերասաններն առնվազն 2,5-ական մլն դոլար կստանան նախագծին մասնակցելու համար: