Առաջին անգամ եմ ներկայանում սիթքոմում․ Թամարա Գևորգյանը միացել է «Ֆեյք պապա» սիթքոմի դերասանական կազմին

Դերասանուհի Թամարա Գևորգյանը  միացել է «Ֆեյք պապա» սիթքոմի դերասանական անձնակազմին։ Սիթքոմի երկրոդ եթերաշրջանն արդեն ցուցադրվում է «Արմենիա» հեռուստաընկերությամբ։

ShowBiz.am-ի հետ զրույցում Թամարան պատմել է սիթքոմում իր դերի, նկարահանումների, դեռ նախորդ տարվանից հետաձգված ծրագրերի մասին, ինչպես նաև անդրադարձել նոր ֆոտոշարքին և դրա առանձնահատկություններին։

Դերասանուհին նախագծում նկարահանվելու առաջարկը ստացել է «Ֆեյք պապա» սիթքոմի ռեժիսոր Հարություն Խալաֆյանից, ում հետ վաղուց է ծանոթ, սակայն աշխատելու հնարավորություն չի ունեցել, և սա նրանց միասին աշխատելու առաջին փորձն է։

«Սիթքոմում հանդես կգամ նոր կերպարով։ Չեմ ուզում շատ փակագծեր բացել, քանի որ իմ մասնակացությամբ սերիաները դեռ եթեր չեն գնացել։ Առհասարակ առաջին անգամ եմ ներկայանում սիթքոմում։ Կերպարն ինձ համար նոր է, դրանով էլ ինքնին հետաքրքիր»,- մանրամասնում է դերասանուհին։

Խոսելով սիթքոմում առաջին անգամ հանդես գալու դժվարությունների և առհասարակ հումարային նախագծերի յուրահատկությունների մասին՝ Թամարան նշում է․ «Գիտեք՝ հումորային ժանրում առաջին անգամ չեմ ներկայանում։ Մինչ այս ներկայացել եմ տարբեր ստենդափներով, որոնցում ևս հումորը հսկայական դեր է ունեցել։ Բայց առհասարակ սիթքոմ ժանրը իր օրենքներն է թելադրում և իր հստակ ձևաչափը ունի։ Բնականաբար մինչև ինքդ չես նկարահանվում, այդ ամենի մեջ չես լինում, չես կարող հստակ և լիակատար տիրապետել այդ օրենքներին։ Վախեր չեմ ունեցել, քանի որ յուրաքանչյուր կերպար, յուրաքանչյուր ժանր դերասանի համար է, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի կարողանաս այն ամբողջությամբ մարսել։ Իսկ աշխատելու հետ կապված ես որևէ խնդիր չունեմ, ես սիրում եմ նոր բացահայտումներ, սիրում եմ կատարելագործվել և փորձել նոր բաներ։ Եվ քանի որ կերպարը նոր էր թե՛ իր բնավորությամբ և թե՛ բնականաբար ժանրի առումով, ինձ ամեն բան հետաքրքիր էր։ Նկարահանման հրապարակում շատ ջերմ մթնոլորտ է։ Հաճելի է աշխատել թե՛ դերասանական և թե՛ ստեղծագործական անձնակազմի հետ։ Եվ քանի որ առաջին անգամ էի ինձ այս ժանրում փորձում, ռեժիսոր Հարություն Խալաֆյանն ինձ շատ է օգնել»։

Թամարա Գևորգյանը մինչ այս նկարահանվում էր «Ախթամար» հեռուստասերիալում, դերասանուհին այդ ընթացքում երկու նախագծերը համատեղում էր․ «Սակայն նկարահանումներն ավարտվեցին, այնպես որ այս պահին զբաղվածությունս միայն սիթքոմում է»։

Անդրադառնալով նախորդ տարվա չափազանց բարդ և էքսցենտրիկ ընթացքին՝ Թամարան նշում է, որ չնայած բազմաթիվ փորձություններին, մենք հանձնվելու և կանգ առնելու իրավունք չունենք։ «Եկեք ամպագորգոռ բաներ չասեմ, քանի որ թե՛ կորոնավիրուսը և թե՛ պատերազմը, այսինքն՝ հիմանակնում պատերազմը, քանի որ կորոնավիրուսը կոպիտ ասած հաղթահարելի էր, գոնե ֆիզիկապես, անջնջելի հետք թողեցին։ Իսկ ինչ վերաբերում եմ մարդուն, ապա միայն կասեմ, որ մարդը էգոիստ տեսակ է և կարող է ապրել յուրաքանչյուր պարագայում։ Այլ տարբերակ չկա, պետք է ապրենք, հաղթահարենք, առաջ անցնենք և շարունակենք աշխատել։ Քանի որ կարծում եմ՝ այս դեպքում ուղղակի այլընտրանք չունենք»։

Դերասանուհիներ Թամարա Գևորգյանի ու Անուշիկ Առաքելյանի «My own» երգիծական շոու ներկայացումն այն նախագծերից է, որը ստիպված էր բազմաթիվ փորձություններ հաղթահարել կորոնավիրուսի և պատերազմի պատճառով։ «Ես և դերասանուհի Անուշիկ Առաքելյանը ներկայացում ունեինք, որը դեռ նախքան պատերազմը պետք է հանձնվեր հանդիսատեսի դատին։ Ներկայացումը տեղափոխվեց․․․ հենց պատերազմի շրջանում պրեմիերան նշանակված էր, որը բնականաբար հետաձգվեց։ Չնայած վերջերս հնարավորություն ունեցանք մեկ անգամ խաղալու, բայց հաշվի առնելով այս ծանր իրավիճակը և այն, որ մեր երկիրը հետպատերազմյան փուլում է, կոմեդիա խաղալն ու ներկայացնելը մի փոքր դժվար է։ Այս ընթացքում եղան շատ բարդություններ, բայց էլի կրկնում եմ՝ մենք այլ տարբերակ չունենք, պետք է առաջ շարժվել, պետք է աշխատել։ Հուսամ, որ շուտով կունենանք մեր հաջորդ ներկայացումը»։

Դերասանուհին նոր ֆոտոշարքով է ներկայացել, որի առաջին կադրերն արդեն հասցրել է հրապարակել սոցցանցերի իր էջերում․ «Վերջին ֆոտոշարքում ներկայացնում եմ շատ հետաքրքիր զարդեր, որոնք ձեռքի աշխատանք են։ Առաջարկ ստացա զարդերը ներկայացնելու և մեծ սիրով համաձայնվեցի, քանի որ շատ յուրահատուկ և հետաքրքիր գործեր են։ Ինչպես նաև ես կարծում եմ, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի աջակցենք հայկական արտադրանքի տարածմանը»։

Նյութը՝ Լուս Ավագյանի