«Խորթ մայրը լինելը մեծ պատիվ է ինձ համար»․ արքայադուստր Բեատրիսն անկեղծացել է

Մեծ Բրիտանիայի արքայադուստր Բեատրիսը՝ արքայազն Էնդրյուի դուստրը, The Evening Standard պարբերականին հայտնել է, որ ամուսնու՝ անշարժ գույքի ոլորտը ներկայացնող գործարար Էդոարդո Մապելլի Մոցցիի որդու՝ 4-ամյա Քրիստոֆեր Վուլֆի խորթ մայրը լինելը «մեծ պատիվ է իր համար»։

Գրքի համաշխարհային օրվա առիթով տված հարցազրույցի ժամանակ արքայադուստր Բեատրիսը հայտնել է, որ իր ընտանիքում ամենածանր ժամանակները փորձում են հաղթահարել ընթերցանության միջոցով, «որը ստիպում է անցնել հետաքրքիր ճանապարհորդությունների միջով և ծիծաղ է պարգևում»։

«Այս տարի ինձ համար մեծ պատիվ էր դառնալ Քրիստոֆերի խորթ մայրը, և մենք միասին հրաշալի ժամանակ ենք անցկացրել»,- հայտնել է արքայադուստրը՝ հավելելով, որ քնելուց առաջ խորթ որդու համար գրեթե միշտ ընթերցում է նրա ամենասիրելի պատմությունները։

Քրիստոֆեր Վուլֆը Էդոարդո Մապելլի Մոցցիի և նրա նախկին հարսնացուի որդին է։ Ավելի քան երեք տարվա համատեղ կյանքից հետո զույգը բաժանվել էր 2018 թվականին։

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի թոռնուհի Բեատրիսը Մեծ Բրիտանիայի գահաժառանգների շարքում իններորդն է: Նրա հարսանիքը տեղի է ունեցել նախորդ տարի։