Անուշիկ Առաքելյանը՝ չդերասանների և անորակ, մեկանգամյա օգտագործման սերիալների մասին – Showbiz.am

Անուշիկ Առաքելյանը՝ չդերասանների և անորակ, մեկանգամյա օգտագործման սերիալների մասին

Դերասանուհի Անուշիկ Առաքելյանը պատրաստվում է օգոստոսին մեկնել Միացյալ Նահանգներ՝ նոր ներկայացման մեջ խաղալու և 30 մասանոց սերիալում նկարահանվելու համար: Հոկտեմբեր ամսին կվերադառնա և հանդես կգա արդեն նոր նախագծում: Այս շրջանում Անուշիկ Առաքելյանը նկարահանվում է «Մոր խոստումը» սերիալում:
Showbiz.amի հետ զրույցում Անուշիկ Առաքելյանը խոսել է չդերասանների և անորակ, մեկանգամյա օգտագործման սերիալների մասին:

-Հաճախ ենք լսում՝ որքան անորակ են հայկական սերիալները: Դուք՝ որպես սերիալի դերասանուհի, համաձա՞յն եք այդ կարծիքի հետ:

-Որպես դերասան, շատ եմ ցավում՝ լսելով, որ սերիալներն անորակ են: Ես ամեն ինչ անում եմ, որպեսզի բարձր պահեմ դերասանի հեղինակությունը, որքան էլ որոշ չդերասաններ, այս կամ այն ձևով հայտնվելով էկրանին, գցում են իմ մասնագիտության հեղինակությունը:

Բոլոր խնդիրների հիմքը հենց Թատերական համալսարանն է: Որովհետև միայն կրթավճար ստանալու համար ուսանող ընդունելով՝ համալսարանը չի կարող դերասան տալ:
Ես համաձայն եմ, որ շատ դեպքերում սերիալներում սովորելու ոչինչ չկա: Հաճախ ենք տեսնում կենցաղային վեճերի, տգետ, տհաճ մականուններով գողական անձանց մասին պատմող սցենարներ, ու շատ ծնողներ չեն ցանկանում, որպեսզի իրենց երեխան տեսնի դա:

-Իսկ Ի՞նչ նպատակ պետք է իր առաջ դնի սերիալը, որպեսզի դառնա որակյալ: Ո՞րն է առաջնային խնդիրը:

-Պետք է սցենարի նպատակը լինի իրականության մեջ առկա խնդիրները գեղարվեստական հարթություն տեղափոխելը: Այդ սցենարով հասարակությունը հասկանում է, որ գոյություն ունի նման խնդիր և հարկավոր է լուծել այն:

Հիշու՞մ եք «Հայրիկ» ֆիլմում, որտեղ Ֆրունզը, տեսնելով պատուհանից, որ ինչ-որ աղջիկ քայլում է իր որդու հետևից, որդուն կանչում է իր մոտ և հարցնում. «Աղջկան հետևիցդ ինչո՞ւ ես քաշ տալիս: Քեզ սիրո՞ւմ է, բա առյուծի նման ուղեկցիր, հետևից գնա, որ մեկը հանկարծ վատ աչքով չնայի »:
Այս խոսքերով Ֆրունզը դաստիարակում է իր որդուն ու նաև միաժամանակ ինձ: Նման բան տեսե՞լ եք հայկական սերիալներում

-Իսկ ի՞նչու չունենք նման սցենարներ: Մասնագետ չկա, թե՞ պահանջարկ:

-Խնդիրը նրանում է, որ պետք է լինեն լուրջ սցենարիստներ:

Մի անգամ հարցազրույցներից մեկում լսեցի՝ ինչպես է սցենարիստը կիսվում, որ երբ չի համակրում ինչ-որ դերասանի ու ցանկանում է պատժել նրան, դերի մեջ ինչ-որ տհաճ կամ անցանկալի սցենարային փոփոխություն է կատարում:
Եթե սցենարիստը ամեն անգամ որոշի պատժել ինչ-որ դերասանի ու վարվի նման կերպ, հնարավոր չի լինի ստանալ լավ սցենար, կստացվի, պարզապես, ճաշ:

-Ի՞նչ խորհուրդ կտաք ռեժիսորներին: Միգուցե՞ դուք նույնպես մի օր սկսեք զբաղվել ռեժիսուրայով:

-Հիմա ռեժիսորները նկարահանում են մեկանգամյա օգտագործման համար սերիալներ, որոնք ավարտվելուց հետո մոռացվում են: Եթե ես լինեմ ռեժիսոր, ապա կհրաժարվեմ նկարահանել միանգամից 3 կամ 4 սերիալ, ու կզբաղվեմ միայն մեկով՝ կենտրոնանալով ու ողջ ուժն ու եռանդը ներդնելով դրա մեջ:

Ես քանի որ չունեմ այն որակավորումը, որն ինքս ինձնից կպահանջեի, չեմ կարող զբաղվել ռեժիսուրայով, բայց մտքեր եղել են հետաքրքիր ձևաչափի մեջ ստեղծել 5-7 րոպեյանոց հոգեբանական ֆիլմեր:

 

-Դուք հեռուստադիտողին մշտապես ներկայացել եք ուժեղ կնոջ կերպարով: Ինչո՞ւ են ռեժիսորները ձեզ տեսնում հենց այդպիսի դերերում:

– Տեսնելով, որ նման կերպար կերտելը քեզ մոտ լավ է ստացվում, ռեժիսորն արդեն որոշում է քեզ օգտագործել միայն նման դերերում:

Նա էլ չի ցանկանոմ քեզ վերցնել, քո վրա աշխատել, ստեղծել մի ուրիշ կերպար: Իսկ ռեժիսորն, իրականում, մի տեսակի մարդուց պետք է կարողանա ստանալ մեկ այլ տեսակ:

-Զրույցներից մեկում դուք պատմում եք, որ խաղացել եք մեկ անգամ համբույրի տեսարանում ու 50 երկրների մեջ ճանաչվել եք դրամատիկական ժանրի լավագույն դերասանուհի:
Հիմա ինչո՞ւ եք խուսափում բաց տեսարաններից:

-Ես պետք է հավատամ ռեժիսորի աշխատանքին և ես պետք է հասկանամ՝ ինչ եմ ցանկանում դրանով ասել: Իմ ամեն արածի համար ներսումս պատասխանատվություն եմ կրում:

Չպետք է համբուրվել, որպեսզի սերիալը ռեյտինգ ունենա: Պետք է համբուրվել, որպեսզի հեռոստադիտողին ցույց տալ կերպարների սերը ողջ խորությամբ:
Եթե անգամ համաձայնվեմ, միևնույն է, մեր օրերում համբույրի տեսարան նկարելու կուլտուրան ոչ մեր օպերատորները, ոչ էլ մեր ռեժիսորները չեն կրում: Բացառություններ, իհարկե, կան:
Շատ դժվար է նման տեսարան նկարելը, մանավանդ, սկսնակ օպերատորի համար, ով աշխատում է սերիալում, որպեսզի մասնագիտանա:

Ամփոփելով բոլոր խնդիրներն ու բացերը՝ կառաջարկե՞ք ինչ անել այս իրավիճակը փոխելու համար:

-Անընդհատ օրինակ են բերում Հոլիվուդը, որտեղ միլիարդավոր դոլարներ են ծախսվում մի ֆիլմի նկարահանման վրա:
Իսկ ինչո՞ւ մենք չենք կարող:
Ուղղակի մեզ պետք են պրոֆեսիոնալ ռեժիսորներ, օրգանիկ դերասաններ, գրագետ սցենարիստներ, վարժ օերատորներ, որոնց համատեղ ստեղծած աշխատանքին նայելով ոչ մի ծնող իր երեխային չի ասի՝ այս տաֆտալոգիան փոխիր:

Նյութը՝ Տաթևեր Լազարյանի

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Տետ-ա-տետ». Ֆիլհարմոնիկի երաժիշտները, Անուշ Նիկողոսյանը, «Երևան» քառյակն ու հանդիսատեսը մեկ բեմում

 Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները, մենակատար Անուշ Նիկողոսյանը, «Երևան» լարային քառյակը հանդես կգան «Տետ-ա-տետ» յուրահատուկ համերգով՝ հանդիսատեսին հնարավորություն տալով...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Մաշտոցյան մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը

Մաշտոցյան մատենադարանում մարտի 3-ին կբացվի «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնից տեղափոխված արցախյան ձեռագրերի ցուցահանդես, որտեղ ներկայացվելու են Արցախի գրչության կենտրոնները՝ Ամարասը,...
Ավելին