«Փոքրիկին անպայման տանելու ենք»․ Սիլվա Հակոբյանը համերգային շրջագայության է պատրաստվում

Սիլվա Հակոբյանը մարտի 27-ից ապրիլի 2-ը հանդես կգա համերգային շրջագայությամբ Մերձմոսկովյան քաղաքներում՝ Տուշինո, Շերբինկա, Բալաշիխա, Կոտելնիկի, Դոմոդեդովո, Սոլնեչնոգորսկ և Միտիշի։
Showbiz.am կայքի հետ զրույցում երգչուհու հայրը՝ Հակոբ Հակոբյանը, ով նաև զբաղվում է Սիլվայի պրոդյուսինգով, պատմում է դստեր համերգային շրջագայությունների և հետաձգված ծրագրերի մասին։

«Առաջարկություն եղավ, ինչի արդյունքում էլ կգնանք համերգների։ Պանդեմայի հետ կապված խնդիրներ չեն եղել, եթե լինեին չէինք գնա ճանապարհները բաց են, թույլտվությունը երևի կա, այդպես համերգներն արդեն գնում են»,- ասում է նա ու հավելում, որ փոքրիկ Միլան նույնպես մեկնելու է իրենց հետ շրջագայության։

«Փոքրիկին անպայման տանելու ենք։ Ճիշտն ասած հեշտ է, խելոք է, ամբողջ Եվրոպայում շրջագայել է՝ ծայրից ծայր։
Երբ Սիլվան բեմում է, կամ ես եմ իր հետ լինում, կամ տատիկը, կամ ամուսինը, եթե հնարավորություն է ունենում գալու»։

Հակոբ Հակոբյանը նշում է, որ կարանտինային սահմանափակումների հետևանքով մի շարք ծրագրեր հետաձգվեցին, սակայն հույս է հայտնում, որ երբ ամեն բան կարգավորվի, դրանք կվերսկսվեն։

«Միայն մեզ մոտ չի այդպես, ամբողջ շոու-բիզնեսն է այդ վիճակի մեջ, բոլորն էլ նույն խնդրի առաջ են։
Պանդեմիայի պատճառով շատ բաներ հետաձգվեցին, շուտով, եթե ամեն ինչ կարգավորվի, միանգամից բոլոր այդ աշխատանքները կանենք՝ համերգները, երգերը, տեսահոլովակները»,-
ասում է նա։

Նշենք, որ պատերազմի ընթացքում Սիլա Հակոբյանը ներկայացրեց «Իմ հերոս» և «Ղարաբաղը մերն է» երգերը, որոնք բավականին լայն տարածում գտան համացանցում«Պատերազմական շրջանում, մենք, որքան հնարավորություն ունեինք, գովերգել ենք մեր բանակը, մեր ժողովրդին, մեր դուխը։
Իմ տղան կամավոր գնացել էր և մասնակցել էր կռվին։ 15 օր Հադրութում էր։
Փառք Աստծո, ողջառողջ հետ է վերադարձել կցանկանայի, որ բոլորը նույն ձևով վերադառնային։ Մենք անպարտելի ենք։

Վերջին երգը հենց նվիրված է զոհված զինվորներին։
Այդ ընթացքում եղավ նաև  «Ղարաբաղը մերն է» երգի պրեմիերան, բայց քանի որ պատերազմի ելքն այսպես եղավ, մենք էլ չգիտենք՝ ինչպես է տարածվելու երգը, դիտումներից երևում է, թե որքան արդիական է այն»,-
կիսվում է Սիլվայի հայրը։

Խոսելով այս ամենի մասին՝ Հակոբ Հակոբյանը հավելում է, որ կյանքը շարունակվում է ու անհրաժեշտ է ուժեղ լինել․ «Ապրել պետք է, երգել պետք է, պարել պետք է, պետք է դուխը։ Մենք մեզ պարտված չենք համարում, մենք ուժեղ ենք, ուժեղ եղել ենք ու կմնանք»։

Այժմ շատերը դժվար տարուց հետո բռնում են արտագաղթի ճանապարհը, սակայն Հակոբ Հակոբյանը նշում է, որ այդ տարբերակն իրենց մոտ բացառվում է․ «Չենք արտագաղթելու, միանշանակ՝ ոչ։ Մենք այստեղ ենք ծնվել, մեծացել, այստեղ էլ կմնանք։ Մնացած գնացողներին ոչինչ չենք ասում ամեն մարդ ինքն է պատասխանատու իր ճակատագրի համար։
Անգամ եթե  պանդեմիան ու պատերազմը չլիներ, մեկ է՝ աստղերը միշտ էլ հաճախ են տեղափոխվում»։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան